
Հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են
2011թ. մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստանի սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը, սակայն գնաճային միտումով արձանագրվել է 0.04% գնաճ: Այս թվերը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ուսումնասիրությունների՝ պարենային ապրանքների` ներառյալ ոգելից խմիչքի եւ ծխախոտի գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ, իսկ ոչ պարենային ապրանքների գները, ընդհակառակը, աճել են 0.5 %-ով: Նվազում է արձանագրվել միայն ծառայությունների ոլորտում` 0.1%:
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2011թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.7% գնաճ, 3-ում` 0.5-0.1% գնանկում, իսկ 2 քաղաքներում`գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Երեւանում սպառողական գները նվազել են 0.1%-ով:
Այս տարվա մայիսին 2010թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 7.8%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 1.3% գնաճ: Շաքարավազի գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել է Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում: Երեւանում շաքարավազի գինն աճել է 0.7%-ով:
Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ գրանցվել է 17.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում կենդանական եւ բուսական յուղերի գներն աճել են 0.4-2.7%-ով:
Թանկացել է նաեւ միրգը: 2011թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է մրգի 19.9%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ`0.8% գնաճ: Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է տանձի 3.6%, նարնջի` 4.4%, խաղողի 10.4%, մանդարինի`11.8% գնաճ: Միաժամանակ, ելակի գինը նվազել է 10.6%-ով, ադամաթզինը` 2.2%-ով, խնձորինը` 1.3%-ով, կիտրոնինը` 0.1%-ով: Դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 0.2-5.8%-ով, իսկ Էջմիածնում` 3.1% գնանկում է արձանագրվել:
Ապրիլի համեմատ 0.5%-ով աճել է նաեւ մսամթերքի գները: Վիճակագիրների հավաստմամբ՝ թանկացումը պայմանավորված է խոզի մսի գնի 3.7% աճով: Երեւանում մսամթերքի գներն աճել են 0.4%-ով:
Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 35.4% գնաճ, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 2.1% գնանկում: Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարունգի 61.6%, գլուխ սոխի 18.9%, խառը կանաչեղենի 11.1%, սմբուկի 7.6%, կանաչ սոխի 7.4%, լոլիկի 5.8%, կանաչ պղպեղի 3.3% գնանկում: Փոխարենը 7.7%-ով աճել է սխտորի գինը, գազարինը` 8.1%-ով, կաղամբինը` 10.9%-ով, կարտոֆիլինը`17.1%-ով, իսկ ճակնդեղինը` 36.6%-ով:
Մեկնաբանել