HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ ընտրվել են խափանման միջոցներ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանքներ են առաջադրվել ու ընտրվել խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025թ․ հուլիսի 4-ին ներկայացրել էր Սեյրան Մուշեղի Օհանյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Գաղտնի քվեարկությամբ հուլիսի 7-ին պատգամավորները տվել են համաձայնություն։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: 

Ա. Մինասյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք: Պատգամավորը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ 

Նույն խափանման միջոցն ընտրվել է նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝  քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, 444-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը։ Քննիչը մեղադրանք է ներկայացրել Սեյրան Օհանյանին, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ: Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Թե´ Արծվիկ Մինասյանը, թե´ Սեյրան Օհանյանը հրաժարվել են ցուցմունք տալ:

Նշենք, որ Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Արծվիկ Մինասյանը, 2016թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2018թ. մայիսի 12-ը զբաղեցնելով Բնապահպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին ու անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010-2015թթ. ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում 10526քմ մակերեսով հողատարածքը: Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ: 

Ըստ դատախազի՝ Մինասյանը տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տեւական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ընթացք չի տրվել: 

Իսկ Սեյրան Օհանյանի մասով Ա. Վարդապետյանը նշել է, որ նա, 2008թ. ապրիլի 14-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետության սեփականություն համարվող տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter