
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թ․ մասով առաջարկվող փոփոխությունները
Հուլիսի 8-ի նիստում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշմամբ մերժվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։
«ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար, մասնավորապես 2025 թվականի մասով, առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։
Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել է հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման:
Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ:
Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը: Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով:
Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար:
Սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը, կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման։
ՀԾԿՀ-ն ընդգծում է իր օրենսդրական պարտավորությունը՝ հավասարակշռել սպառողների շահերը կարգավորվող կազմակերպությունների շահերի հետ: Արդյունքում, Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ ընկերության առաջարկած փոփոխությունները չեն կարող ապահովել այս անհրաժեշտ հավասարակշռությանը։
Հանձնաժողովի որոշումն ընդունվեց 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրեց հատուկ կարծիք)։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել