
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չէին համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։
Մեկնաբանել