
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա խաղաղություն, բայց մնացել է վերջին քայլը». Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սլովակական Hospodárske noviny պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմն ավարտվել է, իսկ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո։
«Նախ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ գոյություն ունի խաղաղություն։ Պատերազմն ավարտվել է։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Ավելին, ես կասեի, որ տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Ցավոք, նախկին ստատուս քվոն հիմնված էր «ադրբեջանական տարածքների հայկական ռազմական բռնազավթման» (չակերտները՝ «Հետք»-ի) փաստի վրա։ Բայց այս էջն արդեն շրջված է: Մենք նայում ենք ապագային: Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է»,- նշել է Հաջիևը։
Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո և դե յուրե գոյություն ունի խաղաղություն՝ Հաջիևն ասել է. «Դա մի փոքր ավելի բարդ է: Կարելի է խաղաղություն ունենալ թղթի վրա, բայց տեղում իրավիճակը կարող է այլ լինել։ Հիմա մեզ մոտ հակառակ իրավիճակն է։ Տեղում խաղաղություն կա, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղն այլևս քննարկման առարկա չէ։ Հայկական ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տարածքներից։ Բայց որպեսզի խաղաղության պայմանագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ»,- շարունակել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևն կրկնել է ադրբեջանական կողմի այն պահանջը, որ Հայաստանը պետք է փոփոխություններ իրականացնի իր Սահմանադրության մեջ։ Ադրբեջանում կարծում են, թե հայկական գործող Սահմանադրության նախաբանը տարածքային պահանջներ է ենթադրում Ադրբեջանից։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ, որը մինչ օրս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ դրույթներ»,- ասել Հաջիևը։ Բաքուն պնդում է, թե նախաբանում ՀՀ անկախության հռչակագրին հղում անելը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք է, քանի որ Հռչակագրում հղում կա Հայաստանի և Արցախի միավորման որոշմանը։
Շարունակելով իր խոսքը՝ Հաջիևն ընդգծել է, որ երկկողմ երկխոսության մեջ դրական առաջընթաց կա։
«Մենք Հայաստանի հետ ունենք երկկողմ կապի ուղի։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղղակիորեն, առանց որևէ միջնորդի։ Եվ մեր օրակարգում իսկապես կարևոր թեմաներ կան։ Առանցքային կետը մնում է այն, որ ռազմական առճակատման տարրերը լիովին դուրս են մնացել մեր օրակարգից։ Այո՛, մեր միջև վեճը մնում է, բայց հարևան երկրների միջև վեճերը նորմալ երևույթ են։ Մենք դա տեսնում ենք նույնիսկ ԵՄ որոշ անդամների միջև։ Բայց վեճերը լուծելու համար գոյություն ունեն դիվանագիտություն և երկխոսություն։ Մեզ հաջողվել է Հայաստանի հետ մեր հարաբերությունները ռազմական առճակատումից տեղափոխել քաղաքական վեճի վիճակի։ Եվ ես կարծում եմ, որ դա լավ նշան է»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել