
Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց:
«Զ.Ա.-ն և հանցավոր խմբի մյուս անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 84 մլն 861 հզր 546 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով գնորդներին տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու համար: Արդյունքում, հանցավոր խմբի անդամները կանխիկացրել և տնօրինել են կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցված գումարները՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Նախաքննության ընթացքում Զ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել