HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աժ-ն ընդունեց «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին» հայտարարությունը

Խորհրդարանը 57 կողմ, 0 դեմ ձայնով ընդունել է «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարությունը։ Նա Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը եւ չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 3-ին գումարել է արտահերթ նստաշրջան` հայտարարության նախագիծը քննարկելու օրակարգով:

Նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»,- ներկայացնելով հայտարարության նախագիծը՝ նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նշվել է, որ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների: «Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերն ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանն ու ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ ՀՀ-ի եւ ՀՀ ժողովրդի համար»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որեւէ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Նշվել է, որ ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:

Հայտարարությամբ անընդունելի է համարվել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման  եւ Հայաստանի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու բոլոր փորձերը: «ՀՀ ԱԺ-ն՝ որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը»,- նշել է Հայկ Կոնջորյանը:

«Սա լինելու է պատմական հայտարարություն: Մենք պիտի այս հայտարարությունն ընդունենք, ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները: Եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո այն ժամանակվա խորհրդարանը լեգիտիմ լիներ եւ արձանագրեր, դատապարտեր, քաղաքական կանոն ամրագրեր, ես վստահ եմ, որ չէր լինի մարտի 1-ը»,- եզրափակիչ ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ստորեւ՝ հայտարարության տեքստը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,

Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,

Վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին,

Հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա,

Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,

Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ,

Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

  1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին:
  2. Ահաբեկչության եւ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների:
  3. Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ ժողովրդի համար:
  4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ որեւէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:
  5. Անընդունելի ենք համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման եւ ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգեւոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգեւոր կարիքների սպասարկմանը:
  6. Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որեւէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու եւ երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:
  7. ՀՀ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին՝

Դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը,

Աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ,

Նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter