HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց այն օրենքի նախագծերի փաթեթը, որի նպատակը, ինչպես որակել են ընդդիմադիր պատգամավորները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն ներկա սեփականատեր Սամվել Կարապետյանից «խլելը և պետականացնելն է»: Փաթեթին այսօր կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 27: 

Այս փաթեթով ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկել է լրացումներ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Սրանցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) նոր լծակներ են տրվում։ 

Մասնավորապես, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի՝ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ, երբ առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտմանը կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտմանը։ 

«Էներգետիկայի մասին» օրենքում էլ նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված ավելացնել։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։ 

Նախգծերի այս փաթեթը հրատապ կերպով ներառվել էր Ազգային ժողովի հուլիսի 1-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում և արդեն երրորդ օրն է՝ քննարկվում էր: Երեկ՝ հուլիսի 2-ին, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Այսօր ևս քննարկումները բուռն էին։ Նիստն առանց միջադեպի չանցավ։ Աժ-ում իրավիճակը լարվեց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո։ 

Աղազարյանը հիշեց «Երևանի կոնյակի գործարանի» մասնավորեցումը՝ նշելով, որ եթե  չմասնավորեցվեր, այսօր Հայաստանում խաղողագործություն չէր լինի։ 

Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ նա հայտարարեց, որ  այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում: 

«Որպեսզի վաղը, մյուսը օրը մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հետ խռովելով, այպես կոչված, իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որպեսզի մենք սկսենք իրենից Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ։ 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայաստան, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Հետևաբար, ես խնդրում եմ, կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ասաց նա:

Այս ելույթից հետո իշխանական պատգամավորները սկսեցին բղավել, որից հետո Աղազարյանը ջրի շիշը նետեց նրանց ուղղությամբ։ Աղազարյանին դահլիճից դուրս հրավիրեցին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկել։ 

Ըստ նրա՝ նշված հանձնաժողովում կփորձեն բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ՝ սկսած  ՀԷՑ-ի մասնավորեցումից, որը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք։ 

Կոնջորյանը դիմեց նաև ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք մասնակցում են ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի աջակցության ցույցերին, ինչպես նաև՝ դրանց կազմակերպիչներին։

«Ուզում եմ կոչ անել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ, շատ շուտով ազատվելու են աշխատանքից։ Այն աշխատակիցները և այն անձինք, ովքեր ստիպում են ՀԷՑ-ի աշխատակիցներին մասնակցել տարատեսակ հավաքների, ՀՀ օրենսդրության համաձայն ընդհուպ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ 

Մինչ այդ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների հարձակումները կանխելու հարցում, հնարավոր է, «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հայտարարությունից օրեր անց նա կալանավորվեց։ Շատ չանցած՝ շրջանառության մեջ դրվեց նախագծերի այս փաթեթը։

Իշխանությունները, սակայն, պնդում են՝ նախագծերը Սամվել Կարապետյանի հայատարարության հետ կապ չունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter