
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում
Ազգային ժողովից հայտնում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ միջազգային ինստիտուտները եւ կազմակերպությունները ձախողվել են իրենց հանձնառությունը՝ կանխելու ողբերգական ծանր հետեւանքներով ոճրագործությունները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է:
2023 թվականին ավելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ դաժան շրջափակումը: Հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղամիջոցներից եւ վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրվեց բռնի տեղահանության՝ զրկվելով իր հազարամյակների բնօրրանից:
Պատմության ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց իր բնիկ հայկական բնակչությունից: Տները, դպրոցները, մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացվում են կամ հայտնվել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապես հումանիտար ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որը, ավաղ, իրականացվեց ԵԱՀԿ պատասխանատվության գոտում:
Եվ, այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, հատկապես ընդգծում եմ՝ Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ. հակամարտությունը շարունակում է մնալ ցավոտ իրականություն, քանի դեռ՝
* 150,000 բնիկ հայերին չի վերապահվել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց վերադարձի անվիճարկելի իրավունքը,
* ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «Արեւմտյան Ադրբեջան»,
* Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ չափազանց մտահոգիչ իրողություններում, զրկված արդար դատավարական գործընթացներից: Վստահելի զեկույցների համաձայն նրանք ենթարկվում են խոշտանգումների եւ կեղծ դատավարությունների, որոնք խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Սա մեկ առանձին ողբերգություն չէ, այլ գլոբալ մակարդակում ինստիտուցիոնալ մեծ ձախողման դրսեւորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակվող ցեղասպանական ողբերգության նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է եւ հատվածական՝ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված:
Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը մնում լուսանցքում, սա, անշուշտ, խարխլում է արդարության ու մարդկային արժանապատվության համամարդկային սկզբունքները:
Ուստի, ես կոչ եմ անում վեհաժողովին եւ իմ հարգելի գործընկերներին:
1. Պահանջել բոլոր հայ ռազմագերիների եւ կալանավորների անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը դատավարություններին՝ դիտարկելու նպատակով:
2. Աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելության ուղարկմանը՝ Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության փաստագրելու եւ պահպանելու նպատակով:
Մի՛ լռեցրեք ճնշվածների ձայնը:
Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի՝
Ես եւ իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատեւ խաղաղություն` հիմնված արդարացի լուծումների վրա, ոչ թե ագրեսիայի եւ ցեղասպանական գործողությունների:
Անհիմն մեղադրանքների փոխարեն ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք եւ թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի եւ ժառանգության ոչնչացումը: Շնորհակալություն»:
Մեկնաբանել