
Միքայել Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, որոշեց բավարարել Քննչական կոմիտեի միջնորդությունը և 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Իրավապաշտպանների համար կանխատեսելի էր դատարանի նման որոշումը, քանի որ, իրենց խոսքով, խիստ «պատահականորեն» Քննչական կոմիտե միջնորդությունը մակագրվել էր այն դատավորին, որը կալանավորել էր նաև Բագրատ սրբազանին։
Փաստաբանական թիմը բացարկի երկու միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ կաշկանդված, աչառու լինելու, ինչպես նաև՝ մասնագիտական ունակությունների բացակայության վերաբերյալ, սակայն մերժվել է։
Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։
Ինչպես հայտարարեց Մ. Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը, Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Մեկնաբանել