HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձերբակալվածներ կան, բայց նրանց թիվը հայտնի չէ

Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Քննչական կոմիտեի դիմաց հավաքված քաղաքացիներին, որտեղ այս պահին հարցաքննվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ձերբակալվածներ կան Արաբկիրի ու Նոր Նորքի բաժիններում:

Քննչական կոմիտեն այսօր՝ 2025թ. հունիսի 27-ին հաղորդել է, որ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել։

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալել նրան: Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը հանձնարարվել է ԱԱԾ աշխատակիցներին:

«Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter