HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». հայտարարություն

Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։

Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։

Քննչական կոմիտեն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter