HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիայի» առաջին A321 օդանավն է գրանցվել Հայաստանում

Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության շարժակազմում գրանցվել է առաջին Airbus A321 տիպի ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-FOD):

Օդանավը Երեւան է ժամանել հունիսի 24-ին կիպրական Լառնակայից, որտեղ գտնվում էր տեխսպասարկման նպատակով:

EK-FOD-ն այսօր արդեն հասցրել է կատարել իր առաջին չվերթը Երեւան-Մոսկվա ուղղությամբ եւ այս պահին վերադառնում է Հայաստան։

2006 թ. արտադրված ինքնաթիռը նախկինում շահագործվել է Սալվադորում, Պերուում, Լատվիայում, Թուրքիայում:

Մինչեւ Հայաստանի օդանավերի ռեեստրում ներառվելն այս A321-ը գրանցված էր Լատվիայում (YL-LDQ)՝ տեղական SmartLynx ընկերության ավիապարկում: Հարկ է նկատել, որ SmartLynx-ը վարձակալությամբ օդանավեր տրամադրող ընկերություն է: Կոնկրետ YL-LDQ-ն 2023-2025 թթ. սպասարկել է թուրքական AJet-ի (նախկինում՝ AnadoluJet) թռիչքները: Սակայն այս տարվա հունվարից չվերթեր չէր կատարում: Հունվարին օդանավը Թուրքիայից տեխնիկական թռիչքով մեկնել էր Չեխիա, որտեղից էլ փետրվարին թռել էր Մեծ Բրիտանիա: Մայիսի 28-ին կրկին տեխնիկական չվերթով ինքնաթիռը ժամանել էր կիպրական Լառնակա, որտեղ կայանված էր մինչեւ հունիսի 24-ը, երբ ուղղություն վերցրեց դեպի Երեւան: 

Ինչպես ասվեց, սա «Ֆլայուան Արմենիայի» առաջին Airbus A321-ն է: Մինչ այս ընկերությունը շահագործել է միայն Airbus A319 եւ A320 տիպի ինքնաթիռներ:

Ինչպես արդեն գրել ենք, ներկայում հայկական օպերատորի շարժակազմում, բացի EK-FOD-ից, կա 2 հատ Airbus A320, որոնք Հայաստանում գրանցված են որպես EK-FOB եւ EK-FOC: EK-FOB-ը ավիաընկերության շարժակազմ է մտել 2023-ի մայիսին, իսկ EK-FOC-ը՝ 2025-ի մարտին: 

Բացի ՀՀ-ում գրանցվածներից՝ «Ֆլայուան Արմենիան» վարձակալական հիմունքներով շահագործում է նաեւ իր 46 %-ի սեփականատեր մոլդովական Fly One ավիաընկերությունից վերցված Airbus A320 տիպի ինքնաթիռ (մոլդովական գրանցումը՝ ER-00007), ինչպես նաեւ 2 հատ A320, որոնք վարձակալվել են կամբոջական Sky Angkor Airlines-ից (գրանցումները՝ XU-727 եւ XU-730):

«Ֆլայուան Արմենիան» հայտարարել է, որ Airbus A321-ը ձեռք է բերել սեփականության իրավունքով, այսինքն՝ ինքն է սեփականատերը: Ըստ ավիաընկերության՝ ներկայում ունի 9 օդանավ, որոնցից 5-ն իր սեփականն են:

Այդուհանդերձ, փաստ է, որ ընկերությունը ներկայում շահագործում է 6 օդանավ, որոնցից 3-ն են գրանցված Հայաստանում (քաղաքացիական ավիացիայում ավիաընկերությունները/օպերատորները/փոխադրողները շատ դեպքերում օդանավերը երկարաժամկետ վարձակալում են (լիզինգով են վերցնում) խոշոր լիզինգատու ընկերություններից, որոնք երբեմն փոխկապակցված են ֆինանսական մեծ կորպորացիաների, բայց քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ ավիաընկերությունները, հատկապես՝ վաղուց կայացած, մեծ ռեսուրսների տեր հանդիսացող, օդանավերը վերցնում են ոչ թե լիզինգով կամ կարճաժամկետ վարձակալությամբ, այլ ձեռք են բերում սեփականության իրավունքով):

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021-ի մարտին, իսկ թռիչքները մեկնարկել է նույն տարվա դեկտեմբերին: Նախկինում գրել ենք, որ սա հայ-մոլդովական ընկերություն է, որում ներգրավված են Սուքիասյան եղբայրները:

Ընկերության 46 %-ը, ինչպես արդեն նշեցինք, պատկանում է մոլդովական Fly One ավիաընկերությանը, իսկ մնացած 54 %-ին տիրապետում է հայկական կողմը: Հիշեցնենք, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող ավիաընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց:

Այսպիսով՝ «Ֆլայուան Արմենիայի» 41 %-ի տերը գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը:

Եվս 4 % պատկանում է ՀՀ քաղաքացի, երեւանցի Լարիսա Սահակովային, որը ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արթուր Պողոսբեկյանի մայրն է, այսինքն՝ փաստացի սա Պողոսբեկյանի բաժնեմասն է, պարզապես նա ՌԴ քաղաքացի է, եւ օրենքով նախատեսված վերոնշյալ 51 %-ի շեմը պահելու համար որպես փայատեր գրանցվել է մայրը: Մնացած 9 %-ի փայատերը «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն է, որի խորհրդի նախագահը նույն Էդուարդ Սուքիասյանն է: 2019-ին հիմնադրված «ՍԻԼ Կապիտալ» ընկերության միանձնյա սեփականատերը ներկայում Սասուն Գասպարյանն է (Արագածոտնի մարզի Ուջան գյուղից), որը Սուքիասյանների բիզնեսին փոխկապակցված անձ է:

Լուսանկարները՝ «Ֆլայուան Արմենիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter