HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

3 մլն 420 հազար դոլարով վաճառքի է հանվել Երևանում փակված մանկապարտեզներից մեկը

«Վերջին հողատարածքը․ 3 միլիոն 420 հազար դոլար»,- այս հայտարարությամբ անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը փորձում է վաճառել Երևանում գտնվող նախկին մանկապարտեզներից մեկը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում գույքի վաճառքով զբաղվող աշխատակիցը թվարկում է առավելությունները․ «Հրազդանի կիրճի, կարծում եմ, վերջին հողատարածքն է։ 5700 քառակուսի, աներեւակայելի գեղեցիկ տեսարանով։ Մի հատ ուղղակի նայեք։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը՝ կառուցել շենք, եւ ամեն բնակարանը կունենա դեպի ձոր տեսարան։ Քառակուսի մետրի արժեքը՝ ընդամենը 600 դոլար։ Հողատարածքը տնամերձ է, նաեւ ասեմ, որ ունի բոլոր կոմունիկացիոն հարմարությունները»։

Վաճառվող հողատարածքը՝ իր վրայի շինություններով, տարիներ առաջ ծառայել է Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի (ֆիզգորոդոկի) բնակիչներին։ 4 առանձին մասնաշենքերից բաղկացած մանկապարտեզ են հաճախել այդ թաղամասի երեխաները։

Այս եւ Երևանում փակված այլ 87 մանկապարտեզների սեփականաշնորհման պատմությունները «Հետքը» ներկայացրել է 2019-2020 թվականներին։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի անկախացումից հետո Երևան քաղաքում առնվազն 87 մանկապարտեզ է փակվել, իսկ տարածքները սեփականաշնորհվել են։ Երևանի կենտրոնական հատվածներում գտնվող մանկապարտեզները դարձել են պաշտոնյաների եւ տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող անձանց սեփականությունը, իսկ քաղաքի ծայրամասերում գտնվող մանկապարտեզների տարածքները, հիմնականում, բնակֆոնդի են վերածվել։

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մանկապարտեզը, որն այսօր փորձում են վաճառել, սեփականաշնորհվել է 2006 թ․-ին։ Մանկապարտեզը մինչեւ սեփականաշնորհումը պատկանել է «Ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։

Ալիխանյան եղբայրներ փողոցում գտնվող մանկապարտեզը 152 միլիոն դրամով գնել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալը՝ Մանվել Ղարիբյանը։ Մանկապարտեզի տարածքը գրանցված է «Շանթ պլյուս» ՍՊԸ-ի անունով։ Ընկերության բաժնետերերը երկուսն են՝ Մանվել Ղարիբյանը (70%) եւ Արամ Ղարիբյանը (30%)։

Երևանում փակված մանկապարտեզների սեփականաշնորհման պատմությունները «Հետքի» կողմից ներկայացվելուց հետո 2020 թ․-ին քրեական գործեր հարուցվեցին։ Դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Դատարաններում այժմ քննվում են Երևանում փակված մանկապարտեզներից մի քանիսի տարածքը համայնքին վերադարձնելու Դատախազության հայցերը։

Դատախազությանը հարցրինք՝ արդյոք Ֆիզիկայի ինստիտուտին պատկանած մանկապարտեզի տարածքը պետությանը վերադարձնելու գործընթաց երբեւէ նախաձեռնվե՞լ է։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշված մանկապարտեզի սեփականաշնորհման վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։ «Նշված գույքի վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ դատարան հայց ներկայացնելու նպատակով»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter