
Արտակ Բաղիկյանը՝ «Ալռոսա»-ից ադամանդների գողության հետ իր և ADM Diamonds-ի կապի լուրերի մասին
Աբովյանի ADM Diamonds ադամանդի գործարանը փաստացի ղեկավարող Արտակ Բաղիկյանը հերքում է իր և գործարանի կապը Ռուսաստանում իրավապահ մարմինների կողմից ձերբակալված խմբի հետ, որոնք զբաղվել են ադամանդի գողությամբ և տեղափոխմամբ։
«Ռուսական մամուլի շրջանակում լուրերի հետ ADM Diamonds-ն ու ես որևէ կերպ կապ չունենք։ Ենթադրում ենք, թե այս ամեն ինչի նպատակն ինչն է։ Բնականաբար, մենք չենք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արտակ Բաղիկյանը։
Ըստ նրա՝ գործարանը կապ չունի նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։
Արտակ Բաղիկյանը նշեց, որ առաջիկա ժամերին իրենց կողմից նշված թեմայի վերաբերյալ առանձին և ավելի մանրամասն հայտարարություն կհրապարակվի։
Ռուսաստանյան РИА Новости-ն այսօր հրապարակել է, որ Ռուսաստանում ձերբակալվել է մի խումբ, որը չմշակված ադամանդ է գողացել «Ալռոսա» ընկերությունից՝ այն ապօրինի ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Ինչպես գրում է РИА Новости-ն, 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. հունվարը մեղադրյալները գողացել են ադամանդի բարձորակ հումք «Ալռոսա» ընկերությունից։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ գողացված քարերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Հայաստան՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն (ADM Diamonds LLC), որի շահառուն, ինչպես գրում է լրատվամիջոցը, գործարար և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
«Հանցագործության կազմակերպիչներն են հարազատ եղբայրներ, Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, որոնք միջազգային հետախուզման մեջ են չմշակված ադամանդների մաքսանենգության համար»,- նշում է РИА Новости-ն։
Տեսանյութը՝ ria.ru-ի
Ըստ հրապարակման՝ ավելի քան 1.7 միլիոն ռուբլի արժողությամբ խմբաքանակ գողանալու մեկ այլ փորձի ժամանակ ուժայինները ձերբակալել են «Ալռոսա»-ի աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդուն՝ Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին, որոնք զբաղվել են քարերի մաքսանենգությամբ։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ արդյունաբերական ադամանդի հումք, ինչպես նաև՝ գումար և թանկարժեք զարդեր համաշխարհային հայտնի ապրանքանիշերից։
Հանցագործներն արդեն ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է՝ հանցագործությանը մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու համար։ Հարուցվել է քրեական գործ։
Իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ հերքելով, որ պատգամավորը կապ ունի ADM Diamonds գործարանի հետ։
«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է»,- գրել է Աննա Մկրտչյանը:
ADM Diamonds ադամանդի վերամշակման գործարանը գտնվում է Աբովյան քաղաքում։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել է, որ 2022 թվականից Հայաստանից խոշոր քանակի ադամանդ (մշակված և չմշակված) է վերաարտահանվում։ Ադամանդի հումքը ներկրվում է մեծ մասամբ Ռուսաստանից, որը հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ, և վերաարտահանվում է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ։
ADM Diamonds-ը խոշոր վերաարտահանողներից է։ Ըստ մեզ հասած տվյալների՝ ամենախոշորը։ Մեկ այլ հետաքննությամբ պարզել էինք, որ 2022-2023թթ. «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն ալմաստ է գնել ինչպես «Ալռոսա»-ից, այնպես էլ՝ ռուսական այլ մատակարարներից։
Ռուսական մամուլում այսօր հայտնված եղբայրները` Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, Արտակ և Արմեն Բաղիկյաններն են։ Նրանց հայրը Ասպարիկ Բաղիկյանն է։
Հ. Գ.
Նյութի հրապարակումից հետո Արտակ Բաղիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ ADM Diamonds-ին չի հասցվել գողացված հումք։ Նշվում է, որ առկա են բոլոր վկայություններն ու
ապացույցներն այն մասին, որ գործարանը հումքը ստանում է օրինական ճանապարհով, երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ։
«Դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից, մեզ փորձում են կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք որևէ առնչություն չունենք քաղաքական և ո՛չ մի ուժի, ո՛չ մի անհատի, ո՛չ մի կուսակցության կամ խմբավորման հետ։ Մենք չենք ստանում ոչ մի քաղաքական աջակցություն, չենք պատկանում որևէ քաղաքական կուսակցության։ Մենք բիզնես ենք՝ մեր բիզնես արժեքներով ու սկզբունքներով։ Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությանը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ»,- իր ուղերձում նշել է Արտակ Բաղիկյանը։
Նա նշում է, որ նման լարված օրերին քաղաքական շահարկումներն ուղղակիորեն հարվածի տակ են դնում իրենց՝ տարիներով վաստակած հեղինակությունն ու բարի համբավը։
«Այսուհետ, նմանատիպ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածման դեպքում ինքներս ենք հետամուտ լինելու բացառապես իրավական ձևով, արդարադատության բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան ձևով խնդիրը լուծելուն և ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուն»,- եզրափակել է Արտակ Բաղիկյանը։
Գլխավոր լուսանկարում՝ Արտակ Բաղիկյանը
Մեկնաբանել