
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։
Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցած խաղերի պարգևած ոգևորությունը, էներգիան, միասնությունն ու թիմայնությունը բոլորն իրենց հետ կտանեն իրենց բնակավայրեր ու աշխատավայրեր: «Այս մրցաշարի նպատակը հենց սա է. նախ՝ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը՝ թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին, ովքեր առավել վճռական են և ովքեր առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին, երկրպագուներին և բարի երթ մաղթել դպրոցականների բասկետբոլի լիգային:
Մրցաշարն անցկացվել է հունիսի 16-22-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցել են երկու տարիքային խմբի թիմեր՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ), որոնցից յուրաքանչյուրը եզրափակիչ փուլ է հասել 16 ուժեղագույն թիմերով։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլում 13-15 տարեկանների մրցաշարում 1-ին տեղ է զբաղեցրել Երևանի թիվ 51 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Երևանի թիվ 2 դպրոցի թիմը և 3-րդ տեղ՝ Երևանի թիվ 137 դպրոցի թիմը:
10-12 տարեկանների մրցաշարում հաղթել է Երևանի 174 դպրոցի թիմը: Երկրորդ տեղն է զբաղեցրել է Արթիկի թիվ 1, իսկ երրորդ տեղը՝ Եղվարդի միջն. դպրոցի թիմը:
Մրցաշարի հաղթող դպրոցները և նրանց ներկայացուցիչները պարգևատրվել են արժեքավոր դրամական մրցանակներով։ Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
1-ին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4,000,000 դրամ, 2-րդ տեղը՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղը՝ 1,500,000 դրամ: Պարգևներ են ստացել նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ։ Թիմերի 9 աշակերտներից յուրաքանչյուրն իր հերթին պարգևատրվել է. 1-ին տեղ՝ 150,000 դրամ, 2-րդ տեղ՝ 100,000 դրամ, 3-րդ տեղ՝ 75,000 դրամ։
Մեկնաբանել