
Ծիրանի բերքահավաք (լուսանկարներ)
Արարատի մարզում շաուրմայանոցները ընդմիջման ժամերին հերթի տակ են աշխատում․ ծիրանի բերքահավաքի եռուն շրջանն է։ Բերքը նախկինում հավաքում էին ընտանիքով, հարևաններով ու բարեկամներով, այժմ աշխատուժի պակաս կա․ ծիրան հավաքողներ են գալիս հարևան գյուղերից, նույնիսկ՝ հարևան մարզերից։ Նոյակերտ գյուղի այգիներում աշխատողների մի մասը Արարատից, Արտաշատից են ու հարակից գյուղերից, մի մասը Արմավիրի մարզից, հաճախ են հանդիպում նաև հնդիկ աշխատողներ։ Այս տարի ծիրանի բերքը շատ է, ինչը, ըստ դաշտատերերի, միայն առաջին հայացքից է լավ։ Մեծ քանակի դեպքում ծիրանի գինն ընկնում է, և դժվար է տարվա ընթացքում այգու վրա ներդրած ծախսերը հանել, նաև այս օրերին բարդ է ծիրան հավաքողներ գտնել։
Ծիրանի այգիներում աշխատանքը սեզոնային է, ակտիվ շրջանը տևում է մոտ մեկ ամիս։ Ծառերի վրա հիմնականում տեղացի երիտասարդներն են, ովքեր ամառային արձակուրդներին իրենց գրպանի գումարն են վաստակում։ Ծառերի տակ բերքը տեսակավորում ու արկղերում շարում են արհեստավարժ կանայք, ովքեր գրեթե ամեն օր աշխատում են՝ մի օր մի գյուղի այգում, հաջորդ օրը՝ այլ․ շատերի համար ծիրանի բերքահավաքի աշխարագրությունը սկսվում է Արարատի ու Արմավիրի մարզով, հասնում մինչև Վայոց ձորի, Արագածոտնի մարզի այգիներ։
Մեկնաբանել