
Պանգասիուս․ ցածր գին, բարձր ռիսկեր
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից մինչև մայիս Հայաստան է ներմուծվել 3.6 տոննա պանգասիուս տեսակի ձուկ։
Այս ձկնատեսակը հիմնականում բուծվում է Վիետնամում՝ Մեկոնգ գետի հովտում։ Գետը անցնում է վեց երկրի տարածքով և հատկապես Վիետնամում ակտիվորեն օգտագործվում է ձկնաբուծության համար։ Սակայն գետի ջրի որակը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այնտեղ թափվում են արդյունաբերական թափոններ, կենցաղային և չմաքրված կոյուղաջրեր, գյուղատնտեսական դաշտերից հոսող պարարտանյութերն ու պեստիցիդները, իսկ ձկնաբուծարաններից առաջացած կենսաբանական մնացորդներն էլ ավելի են վատթարացնում գետի վիճակը։
Այս բոլոր գործոնները պարբերաբար բարձրացնում են ջրի բակտերիալ, քիմիական և ծանր մետաղային աղտոտվածության մակարդակը, ինչն ուղղակիորեն ազդում է այնտեղ բուծվող ձկների, մասնավորապես՝ պանգասիուսի անվտանգության վրա։
Հայաստանյան շուկա այս ձկնատեսակի վերադարձի մասին ահազանգել էր գյուղատնտես Հարություն Մնացականյանը, որի գրառմանն ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խոստացել էր ստուգումներ իրականացնել։
ՊԵԿ-ի տվյալներով՝ Հայաստան պանգասիուս ներմուծում են «Վահ-Անի Հոլդինգ», «Օուշն ֆիշ», «Այս ֆիշ» և «Կատրան» կազմակերպությունները։ Ներմուծումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնությունից։
ՍԱՏՄ-ն իրականացրել է ստուգում «Այս-Ֆիշ» ՍՊԸ-ում, որի շրջանակներում նմուշառում է կատարվել «Սառեցված ձուկ պանգասիուս գլխատված» առկա խմբաքանակից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ոչ բոլոր պանգասիուսները կարող են վտանգավոր համարվել, բայց շատ կարևոր է սպառողների անվտանգության համար ստուգել ձկնատեսակի ողջ խմբաքանակը:
2014-2015 թվականներին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս տեսակի ձուկը սահմանել էր որպես բարձր ռիսկայնության ապրանք, և ստուգվում էր ներմուծվող ողջ խմբաքանակը։ Պիպոյանի խոսքով՝ հաշվի առնելով ֆինանսական ռիսկերը՝ (այդ թվում՝ ոչնչացման ծախսեր, եթե ապրանքը վտանգավոր ճանաչվեր) մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվեցին պանգասիուսի ներկրումից, քանի որ գործ ունեին ոչ միայն անորոշ ապրանքային ծագման, այլ նաև խիստ վերահսկվող ընթացակարգերի հետ։
«Երբ խիստ հսկողություն եղավ մեկ-երկու խմբաքանակի նկատմամբ, տնտեսվարողները պարզապես հրաժարվեցին այս ապրանքի ներմուծումից։ Հասկացան, որ խիստ հսկողություն է լինելու, տնտեսական վնաս կկրեն, սկսեցին չբերել։ Չեմ կարող մարդկանց ասել՝ գնեք, կամ մի գնեք։ Հնարավոր է, որ ստուգման արդյունքում պարզվի՝ վտանգավոր էր, հնարավոր է՝ պարզվի՝ անվտանգ էր։ Իմ խորհուրդը հիմա միայն կարող է լինել այն, որ ՍԱՏՄ-ն պետք է ապահովի ռիսկերի պատշաճ հաղորդակցում և բաց, հստակ տեղեկատվություն հանրությանը»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ պանգասիուսը՝ որպես ձկնատեսակ, ինքնին վտանգավոր չէ։ Այն շատ երկրներում լայն սպառում ունի, համարվում է մատչելի, բարձր յուղայնությամբ և կալորիականությամբ սնունդ։ Բայց ապրանքի անվտանգության երաշխիքը պայմանավորված է դրա ծագմամբ, աճեցման պայմաններով և վերահսկողության ծավալով։
Ցանկացած պնդում՝ օգտակար կամ վտանգավոր լինելու վերաբերյալ, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, երբ ապրանքն անցնում է լաբորատոր փորձաքննություն և պետական լիարժեք վերահսկողություն։
Մեկնաբանել