
Ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ևս ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից:
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել էր, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ։ Սրբազան պայքար շարժումիվ էլ հայտնում են, որ իրենց կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ են տեղի ունեցել:
ՆԳՆ ոստիկանությունից էլ հաղորդեցին՝ օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելու պրակտիկան։
ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին շարունակում են ստացվել ահազանգեր նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ շարունակում են մնալ Ոստիկանության հատուկ տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է անդրադառնում վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։
Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք կարող են բերման ենթարկվել և արգելանքի տակ դրվել բացառապես համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ և դրանք քաղաքացիներին ներկայացնելով, իսկ տևական ժամանակ անհիմն կամ ծրագրային, տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ օրինական տիրապետողին տրանսպորտային միջոցը չվերադարձնելը կարող է խնդրահարույց իրավիճակներ ձևավորել մարդու իրավունքների տեսանկյունից: Ուստի, Պաշտպանը կարևորում է, որպեսզի խստորեն պահպանվեն տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և արգելանքի տակ դնելու համար օրենքով նախատեսված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել