
ԵԽ նախարարների կոմիտեն Հայաստանի և Ադրբեջանի դեմ վճիռներով որոշումներ է կայացրել
2025 թվականի հունիսի 10-12-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ գործերի, քննարկվել են նաև «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը: Այս մասին հաղորդում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռով, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 1992-1994 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գյուլիստան գյուղում դիմումատուի (ով էթնիկ հայ է) սեփականության իրավունքի խախտմանը, Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ վճռի կատարման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել՝ շեշտադրվելով, որ արդարացի փոխհատուցման վճարումն անվերապահ պարտավորություն է, որի պատասխանատվությունը կրում է միայն Ադրբեջանը: Ընդունված որոշմամբ Նախարարների կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տրամադրել և առաջարկել է արդարացի փոխհատուցման վճարումն իրականացնել փոխըմբռնման հուշագրերի նախագծում նախատեսված եղանակով կամ այն ուղղակիորեն դիմումատուի ժառանգներին վճարելով:
«Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով, որը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» հայելային գործով վճիռն է և վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992-1994թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը, թողնելով այնտեղ իրենց գույքը, Նախարարների կոմիտեն ընդունված որոշմամբ մեծապես ողջունել է (strongly welcomed) Հայաստանի իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակորեն հաստատում է այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը։
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել Է միջանկյալ բանաձև՝ որպես «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» վճռի չկատարման բացառիկ միջոց։
«Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռով, որը վերաբերում է ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից ազգությամբ հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի՝ բացառիկ դաժանությամբ, կանխամտածված սպանությանը՝ բացառապես հայկական ազգության պատճառով, Նախարարների կոմիտեն վճռի կատարման անհատական միջոցառումների շրջանակում ընդունել է միջանկյալ բանաձև, որը վճռի չկատարման դեպքում հանդիսանում է բացառիկ միջոց: Նշված բանաձևով Նախարարների կոմիտեն «հորդորում է անհապաղ հաստատել, որ Նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ ատելության նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը և ծախքերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը»։
Նախարարների կոմիտեն որոշմամբ ներկայացված ընդհանուր միջոցառումների համատեքստում արձանագրումներ է կատարել մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար անպատժելիության վերացման, էթնիկ շարժառիթով պայմանավորված ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների ձեռնարկման առնչությամբ, ինչպես նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսելու կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը Քարտուղարության հետ՝ սույն գործով անհրաժեշտ միջոցառումները լիարժեք իրականացնելու ճանապարհային քարտեզ մշակելու համար և ներկայացնել թարմացված գործողությունների ծրագիր վճռի կատարման առնչությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ արխիվային / ©AFP Photo
Մեկնաբանել