
Վեց ամսով կերկարաձգվի կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։
Գործադիրն ընդունել է որոշում՝ մի շարք ապրանքների (երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների), դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով։ Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Այս կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։ Այս գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տե՛ս նաև․
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել