
Վաղարշապատում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թ. նոյեմբերի 16-ին
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը:
«Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը: Նախագծով նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով:
Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացումը։ Նախարարը նաև հավելել է, որ նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացե՛ք նաև․
Լուսանկարում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
Մեկնաբանել