HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ համաշխարհային վտանգ առկա՞ է

Էմմա Բեգիջանյան, իրանագետ

2023թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ Համասը «հանկարծակի» հարձակվեց Իսրայելի վրա, ի հետեւանք որի Իսրայելն ունեցավ 1200 զոհ եւ շուրջ 250 գերավարված, վերջինս, ի պատասխան, արյունալի պատերազմ սկսեց Գազայի գոտում, որը շարունակվում է առ այսօր, ավերակների վերածելով դրա շուրջ 80%–ը՝ 60 հազար զոհով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այդ պահից սկսած, ջանք չխնայեց Իրանին ու ԱՄՆ-ին էլ ներքաշել պատերազմում, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությամբ հասներ իր գլխավոր նպատակին՝ հիմնահատակ վերացնել Իրանի միջուկային օբյեկտները, ինչի առնչությամբ, ըստ Նեթանյահուի, Իսրայելն ունի 20-ամյա մշակված ծրագիր։

Սակայն ԱՄՆ-ն ու Իրանը, զսպվածություն դրսեւորելով, չտրվեցին Նեթանյահուի սադրանքներին։ Ջո Բայդենի կառավարությունը կարողացավ ընդդիմանալ եւ զսպել նրան՝ տեղի չտալով Իսրայելի համառ պահանջներին։ Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետում իրականացրեց Իսրայելի այն նպատակներն ու երազանքները, որոնք նախորդ նախագահները երբեմն, նույնիսկ խոստանալով հանդերձ, ռիսկ չարեցին կյանքի կոչել։ Նա Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք եւ ԱՄՆ դեսպանությունը տեղափոխեց այդտեղ, բացի այդ՝ Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածքային ամբողջականության մաս։

Այժմ, կարելի է ասել, նախագահ Թրամփը «քարտ բլանշ» է տվել Իսրայելի վարչապետին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրանին ու նրա միջուկային ծրագրերին։ Թեեւ արտաքուստ թվում է, թե Իրանին վերաբերող որոշ հարցերում առկա են Թրամթ-Նեթանյահու տարաձայնություններ, այդ թվում՝ հունիսի 13-ին Իրանի վրա հարձակման առնչությամբ, սակայն Թել Ավիվը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ լիովին համաձայնեցված։

Իրանի անվտանգության ու զինված ուժերի ոլորտում շատ լուրջ ներթափանցում ունեցող Իսրայելի գաղտնի ծառայությունների կազմակրպություն«Մոսադը», որը, թերեւս, հզորագույնն է աշխարհում, Իսրայելի բանակի հետախուզական կառույց «Ամանի» ու ղեկավարության հետ համագործակցությամբ, Իրանի դեմ գործողությունների ծրագիր էր մշակել։ Այսօր արդեն, կարելի է ասել, որ այն նախ փորձարկվել է Լիբանանի հարավում ու Բեյրութում՝ ընդդեմ իրանամետ «Հեզբոլահի»՝ դրան խիստ թուլացնելու, ռազմական կարողությունը ոչնչացնելու նպատակով։ Առաջին հերթին վերացնելով դրա ռազմական ու քաղաքական ղեկավարությանը, ապա՝ առաջնորդ Հասան Նասրոլային, այնուհետեւ, կարելի ասել է, որ լիովին չեզոքացրեց կազմակերպությունը, որ ռազմաքաղաքական մեծ ուժ էր Լիբանանում։

Իրանում եւս նույն կերպ է վարվել։ Նախ՝ վերացրել է Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի եւ զինված ուժերի բարձր հրամկազմի հրամանատարներին, որոնք պետք է անմիջապես հակահարձակման որոշում ընդունեին, որոնց թիվը, ըստ իրանական աղբյուրների, շուրջ մեկ տասնյակ էր, իսկ իսրայելականինը՝ երկու տասնյակ, ապա միջուկային ֆիզիկայի ոլորտի 9 հայտնի գիտնականների։ Երկրորդ փուլում ձգտում է ոչնչացնել դրանց տեղակալներին, որոնցից շատերը փոխարինել են իրենց ղեկավարներին եւ էլի գիտնականների։

Այս առնչությամբ նշենք, որ 2007թ․«Մոսադի» գործողությունների զոհ են դարձել նշյալ ոլորտի իրանցի 4, 2019թ․՝ մեկ գիտնական, 2020թ․-ին՝ Իրանի միջուկային ծրագրերի տնօրեն Մոհսեն Ֆախրիզադեն։ Իսկ 2018թ․ «Մոսադին» հաջողվեց գողանալ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ 100 հազար փաստաթուղթ ու համակարգչային ֆայլեր եւ Թեհրանից բեռնատար մեքենայով տեղափոխել Բաքու, այնտեղից էլ՝ Իսրայել։ Հատկանշական է նաեւ, որ միջուկային գիտնականների ահաբեկիչներն էլ, ըստ իրականական, նաեւ՝ միջազգային որոշ ԶԼՄ-ների, Իրան էին ներթափանցել հենց Բաքվից։

«Մոսադի» գործակալների ներթափանցման ամենանպաստավոր ճանապարհը Ադրբեջանն է՝ հաշվի առնելով Իրանի հետ ունեցած բավական երկար սահմանագիծը, սերտ բազմակողմակողմանի փոխհարաբերությունները, նաեւ այն, որ  «Մոսադը» լուրջ ներդում ունի Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կրթական եւ այլ ոլորտներում։ Բացի այդ, նաեւ Իրանի հետ սահմանակից Իրաքի քրդական իքնավարության ճանապարհով, որտեղ եւս Իսրայելը լուրջ ազդեցություն ունի։ Վերջինս ի սկզբանե բարեկամական հարաբերություններ ունի քրդերի հետ, ավելին՝ 2017թ․ այստեղ անցկացված անկախության հանրաքվեի առնչությամբ միայն Թել Ավիվն էր դրական արձագանքել։

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի ռազմական ու ահաբեկչական գործողությունների «Առյուծի ծագումը, կամ առյուծը բարձրանում է» (Operation Rising Lion) անվանը, նշենք, որ այն հղում է Հնգամատյանի Թվոց գրքի 23/24-ին։ Բացի այդ, ակնարկ է շահական Իրանի զինանշանին, որի վրա պատկերված էր առյուծ, թիկունքին՝ ծագող արեւ, ինչն, անշուշտ, պատահական չէ. այն, թերեւս, վկայում է դրան վերադառնալու նպատակի մասին։ Միաժամանակ խորհրդանշում է Իսրայելի`  հաջողության հասնելու անկոտրում կամքը, ինչպես նշվում է Թվոց գրքում. «Առյուծը բարձրանում է․․․» գործողությունների նպատակների՝ տվյալ դեպքում Իրանում իշխող վարչակարգի կործանմանը։ Թերեւս, դա են վկայում Նեթանյահուի՝ առնվազն երկու անգամ իրանցիներին հղած կոչերը, որտեղ նա շեշտել է պատմական անցյալում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։ Ապա նշել է․ «Ձե'զ եմ դիմում, Իրանի հպա'րտ ժողովուրդ, հիմա պատմական խոշորագույն գործողությունների ընթացքում ենք։ Իսլամական համակարգը շուրջ 50 տարի ձեզ ճնշել է եւ Իսրայելին սպառնացել ոչնչացնել, մեր նպատակն այդ սպառնալիքը, այդ երկրի միջուկային  ծրագրերն ու բալիստիկ հրթիռաշինության վերացումն է։ Իսրայելն իր նպատակներին հասնում է, միաժամանակ ճանապարհ հարթում  ձեր նպատակին՝ ազատության հասնելու համար, ոտքի' ելեք»։ Նա ջանք չի խնայում այս ուղղությամբ, հունիսի 16-ին էլ «Iran international» հեռուստաալիքին տված հարցազրույցում, կրկնելով իր հորդորները, ներկայացավ որպես Իրանի ժողովրդի փրկարար։

Նույն օրը ամերիկյան ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի վերացնելը չբացառելով, հայտարարեց, որ դա ոչ թե խառնաշփոթ կառաջացնի երկրում, ինչպես նշում են ոմանք (ակնարկը Մակրոնին է վերաբերում), այլ վերջ կդնի հակամարտությանը։ Ապստամբության կոչով է հանդես եկել նաեւ Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավին, որը բարեկամական հարաբերություններ ունի Նեթանյահուի հետ։ Նա նշել է, որ խիստ նպաստավոր պայմաններ են ստեղծվել համակարգի կործանման համար՝ հավելելով, որ պատրաստ է առաջնորդել ապստամբությունը։ Այնուհետեւ տարբեր ԶԼՄ-ների տված հարցազրույցներում շեշտել է, որ լավագույն հնարավորությունն է ստեղծվել ազատության հասնելու, վարչակարգը հայտնվել է աննախադեպ թույլ իրավիճակում՝ հորդորելով, որ ժողովուրդը դիմի գործադուլի եւ այլ միջոցների։ Նա, իրանցիներին խրախուսելով, որ ոտքի ելնեն, միաժամանակ աջակցություն է հայցել միջազգային հանրությունից։

Իրականում ո'չ Փահլավիի եւ ո'չ էլ Նեթանյահուի կոչերն ու հորդորները լուրջ արձագանք Իրանում չեն ունեցել։ Ավելին, պատերազմը երկրի ներսում ավելի շուտ միաբանել է ժողովրդին ընդդեմ պատերազմի, թեեւ չպետք է բացառել, որ 90 մլն բնակչություն ունեցող երկրում, բնականաբար, կլինեն նաեւ նախկին թագաժառանգի կողմնակիցներ։ Այլ կերպ ասած, թեեւ Իսրայելի բանակի խոսնակը շեշտել է, որ Թել Ավիվը նման նպատակ իր առջեւ չի դրել, սակայն ակնհայտ է, որ Նեթանյահուն նպատակամղված է կործանել Իրանի իսլամական վարչակարգը, ինչը վերլուծաբանները միաձայն գնահատում են որպես «վտանգավոր խաղադրույք՝ a risky bet»։

Սակայն, ինչպես BBC-ի պարսկերեն ծառայության գլխավոր խմբագիր Ամիր Ազիմին «Նեթանյահուի վտանգավոր խաղադրույքը՝ Իսրայելի վերջնական նպատակը, հավանաբար, Իրանում իշխանափոխությունն է» հոդվածում  է նշում, Նեթանյահուն, գուցե, հույս ուներ, որ Իսրայելի աննախադեպ ու հանկարծակի հարձակումը, հրամկազմի ոչնչացումը կհանգեցնեն շղթայական հակազդեցությունների եւ բողոքի ցույցերի ու, ի վերջո, համակարգի փլուզման։ Հունիսի 13-ի երեկոյան էլ Նեթանյահուն հայտարարել է․ «Վրա է հասել պահը, երբ Իրանի ժողովուրդը պետք է համախմբվի իր դրոշի ու պատմական ժառանգության ներքո եւ, հանուն սատանայական դաժան համակարգից ազատվելու, ապստամբի»։ Սակայն նման շղթայական հակազդեցությունների նշույլ անգամ չի երեւում։ «Եվ նույնիսկ եթե ծայր առնի նման շարժում, հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենա»,- շեշտել է Ազիմին։ Նա հավելել է նաեւ, որ Նեթանյահուի համար ցանկալի տարբերակը Իրանում Փահլավիի իշխանության գալն է։

Սա այն դեպքում, երբ պատմական փորձը ցույց է տալիս, որ նման աղետներն ավելի շուտ իրանցիներին միաբանում են, անգամ եթե հաշիվներ ունեն իշխանությունների հետ, դրանք պարզում են իրավիճակի կարգավորումից հետո։ Բացի այդ, ընդհանրապես ակնհայտ է, որ դրսի ուժերի աջակցությամբ ձեւավորված որեւէ իշխանություն առաջին հերթին սպասարկում է տվյալ ուժերի շահերը, մինչդեռ Նեթանյահուի հասցրած հարվածներն իրենց հայրենիքին իրանցիներից շատերը հազիվ թե ներեն։ Շվեդիայի հայտնի Սյոդերտորնի համալսարանի (Södertörn University) սոցիոլոգ Ալի Ռեզա Բեհթուին, «Եվրանյուսին» տված հարցազրույցում խոսելով պատերազմի վերաբերյալ երկրում ու արտերկրում ապրող իրանցիների վերաբերումունքի մասին, նրանց 4  խմբի է բաժանել, որոնցից, իր խոսքերով, միայն 3-րդ արմատական ընդդիմությունը կամ ծայրահեղականները՝ Ռեզա Փահլավիի գլխավորությամբ, դրական են վերաբերվում՝ այն համարելով հնարավորություն վարչակարգի փլուզման համար։ Նա շեշտում է․ «Սրանք կարծում են, որ Իսրայելի հարձակումները կհանգեցնեն վարչակարգի փլուզմանն ու իրենք կբազմեն արքայական գահին։  Ըստ իս՝ դա  խաբեություն է (երազանք վաճառել), քանի որ մինչեւ ցամաքային զորքերը չներխուժեն մի երկիր, իշխանության կործանումը հեքիաթ է, որեւէ բան չի պատահի։ Միայն կլինի պատերազմ՝ ավերածություններով ու բազում զոհերով»։

Ինչ վերաբերում է «առյուծը բարձրանում է» Իրանի դեմ ռազմական գործողություններին, ապա, ինչպես նշվեց, Իսրայելը դրան նախապատրասվել է շուրջ երկու տասնամյակ։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրեր իրականացնելու մասին խոսել են այդ երկրի նախկին վարչապետեր Արիել Շարոնն ու Էհուդ Օլմերտը։ Հատկանշական է նաեւ, որ վերջինս, դեռեւս 2006թ․ դեկտեմբերի 13-ին, գերմանական SET հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Իրանի միջուկային ծրագրերի ու դրանց ոչնչացման մասին, խոստովանել է նաեւ, որ Իսրայելը տնօրինում է միջուկային զենք։ Հանգամանք, ինչի պատճառով Օլմերտը դարձավ քաղաքական գործիչների խիստ քննադատությունների թիրախ, ընդհուպ՝ պահաջվեց նրա հրաժարականը։ Իսկ «Rising Lion» գործողությունների նախապատրաստման ուղղությամբ վերջին տարվա ընթացքում, «Մոսադ»-բանակ համագործակցության շրջանակներում, իրականացվել են առավել եռանդուն գործողություններ։

«Մոսադի» ներթափանցումը ավելի է սաստկացրել Իրանի ղեկավարության գրեթե բոլոր կառույցները՝ սկսած անվտանգությունից, գաղտնի ծառայություններից, Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի (ԻՀՊԳ) հետախուզական ու հակահետախուզական կազմակերպությունից եւ այլն՝ կիրառելով ամենաարդիական տեխնոլոգիաներ։ Վերլուծաբաններից ոմանց կարծիքով՝ ներթափանցումն այնքան խորն է, որ երբեմն խաղի կանոնները նրանք են թելադրում։ Եվ հենց այս ծրագրի շրջանակներում էլ «Մոսադը» ոչ միայն «Միկրոքվադկոպտ» տիպի ԱԹՍ-ների մոնտաժման գաղտնի արտադրություն է ստեղծել Իրանում, այլեւ դրանք կիրառելու նպատակով նաեւ երրորդ երկրներում ուսումնա-վարժական դասընթացներ անցած կոմոնդոներ է «ներմուծել»։ Բանակի եւ ԻՀՊԳ-ի հրամկազմի շուրջ 20 անդամի սպանությունը, ինչպես եւ տարբեր օբյեկտների հարվածներն իրականացվել են հենց «Միկրոքվադկոպտեր» ԱԹՍ-ներով։ Դրանք հարվածել են նաեւ Իրանի բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներին, որոնք նախապատրաստում էին արձակել։ Փաստորեն, «Մոսադին» հայտնի էր ոչ միայն զինված ուժերի հրամկազմի անդամների գտնվելու վայրը, այլեւ հայտնի գիտնականների։

Իսրայելի սանձազերծած պատերազմի 5-րդ օրն է։ Ունենալով օդուժի թերեւս բացարձակ առավելություն, վայելելով ԱՄՆ-ի, ինչպես եւ Եվրոպայի խոշոր եռյակի աջակցությունը՝ Նեթանյահուն հայտարարում է, որ այն կշարունակի որքան անհրաժեշտ է։ Իրանի ՀՕՊ-ի անհամեմատ թույլ լինելու պատճառով, Իսրայելին հաջողվել է Իրանի թերեւս ողջ տարածքով լուրջ հարվածներ հասցնել ռազմական, միջուկային, հրթիռաշինական, երբեմն էլ՝ էներգետիկ օբյեկտներին, անգամ՝ պետական ռադիոհեռուստատեսության շենքին։

Իրանը, պատասխան քայլով, բալիստիկ, հիպերձայնային հրթիռներով ու ԱԹՍ-ներով է թիրախավորում Իսրայելի ռազմական եւ այլ օբյեկտներ։ Սակայն Իսրայելի եռաշերտ հզոր ՀՕՊ-ը եւ հրթիռները չեզոքացնելու հարցում, Իսրայելի հովանավորողների աջակցության շնորհիվ, արձակված հրթիռների զգալի մասը չի հասնում թիրախներին։ Այսուհանդերձ, հաշվի առնելով Իսրայելի տարածքային առումով ռազմավարական խորության բացակայությունը, ստացած հարվածների ազդեցությունը շոշափելի է։ Ուստի, պատերազմի շուտափույթ ավարտը խիստ անհրաժեշտ է նաեւ Նեթանյահուին։

Թեեւ լրջորեն վնասվել են Իրանի միջուկային օբյեկտները, սակայն դրանք հեռու են ամբողջապես ոչնչացված լինելուց։ Դրա հնարավորությունը միայն ԱՄՆ-ն ունի իր զինատեսակներով։ Ահա թե ինչու, Նեթանյահուն ձգտում է ամեն գնով նախագահ Թրամփին ներքաշել պատերազմում, ինչը հղի է անկանխատեսելի  հետեւանքներով, ըստ փորձագետների՝ ընդհուպ 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգով։ Հունիսի 17-ին Թրամփի խստաշունչ հայտարարությունները, որոնք վկայում են նրա դիրքորոշման 180 աստիճան կոշտացման մասին, խիստ մտահոգություն է առաջացրել, կարելի է ասել, աշխարհի մակարդակով։ Թվում էր, թե ուր որ է՝ Թրամփը պատերազմին միջամտելու հրաման է արձակելու, սակայն դա տեղի չունեցավ, ինչը կարող է պայմանավորված լինել այդ հարցում ԱՄՆ կառավարությունում առկա տարաձայնություններով։ Բայց դա դեռ չի նշանակում, որ վտանգը վերացել է։ Հարկ է նշել, որ Իրանից էլ, ոչ պաշտոնական, առնվազն ԶԼՄ-ների մակարդակով, ի պատասխան՝ Կատարի, Օմանի եւ Քուվեյթի ժողովուրդներին, որտեղ առկա են ամերիկյան բազաներ, կոչ էր արվում  հեռանալ երկրից, այն է՝ Իրանը եւս ոչնչի առաջ կանգ չի առնելու։

Զարգացումների նման սցենարի դեպքում բացառված  չէ նաեւ, որ Ադրբեջանում էլ իսրայելական կառույցները թիրախ դառնան։ Ստեղծված իրավիճակում, զարգացումների նման ընթացքի հավանականությունը վերլուծաբաններն իրավացիորեն պայմանավորում են նաեւ Իսրայելում աջ ծայրահեղական՝ հանձինս Նեթանյահուի, ԱՄՆ-ում անկանխատեսելի ու խիստ իսրայելամետ պահպանողական Թրամփի իշխանության ղեկի մոտ լինելով, ինչպես եւ Իրանի պահպանողական ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդ այաթոլա Խամենեիի կոշտ դիրքորոշմամբ, ինչը ոչ միայն տարածաշրջանը կարող է ընկղմել քաոսի, անկայունության ու խոր ճգնաժամի մեջ, այլեւ լրջորեն ազդել նաեւ միջազգային տնտեսության եւ այլ ոլորտների վրա։

Լուսանկարը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter