
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս երկու հանրային սննդի կետի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Իսահակյան 22 և Տերյան 69 հասցեներում գործող սննդի կետերի գործունեությունը։
«ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
- հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Տերյան 69 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մանավորապես՝ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,-ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել