
Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
24News-ի լրագրող Մերի Մանուկյանին Ոստիկանության աշխատակցի հարվածելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): Վարւյթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է Գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում:
Հիշեցնենք, որ երեկ՝ 2025թ. հունիսի 16-ին, Քասախ համայնքում բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Աշտարակի խճուղում Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Մեկնաբանել