
Ինչու է Երևանի քաղաքապետարանն ուզում հրաժարվել մեկանգամյա QR ուղետոմսերից
78-ամյա պապիկս ամեն ամիս 2 անգամ գնում է պոլիկլինիկա, միջինում հասարակական տրանսպորտից օգտվում է ամսական 4 անգամ ու պարտաճանաչ վճարում բոլոր ուղևորությունների համար: Այցի նախորդ օրը ինձ խնդրում է Telcell-ի տերմինալից թղթային ուղետոմս գնել, քանի որ այլ կերպ վճարել չի կարող. հեռախոսը Telcell հավելվածը ներբեռնելու հնարավորություն չունի, երկարաժամկետ փաթեթները ձեռնտու չեն, բանկային քարտն էլ, որով ստանում է կենսաթոշակը, NFC համակարգ չունի:
Օգոստոսի 1-ից պապիկս գուցե հնարավորություն չունենա վճարել նաև թղթային QR կոդերով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ ամռան ընթացքում՝ հավանաբար օգոստոսի 1-ից, հասարակական տրանսպորտի QR կոդերով ուղետոմսերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն։ Նրա խոսքով՝ սա տոմսային համակարգի խնդիրներից մեկն է:
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանն անցում կատարեց հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի։ Ի սկզբանե 4 կրիչ էր նախատեսված՝ բազմակի օգտագործման տրանսպորտային քարտեր, բանկային քարտեր, էլեկտրոնային տոմսեր՝ Telcell հավելվածով և մեկանգամյա օգտագործման թղթային QR ուղետոմսեր։
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանն ասում է՝ աշխարհում կանխիկին փոխարինող մեկանգամյա ուղետոմսերը նախատեսված են հասարակական տրանսպորտից հազվադեպ օգտվողների համար, որպես կանոն դրանք ամենաթանկն են լինում ու քիչ են օգտագործվում։ Մեր համակարգում սա ամենաշատ օգտագործվող ուղետոմսի տեսակն է։
«Տոմսի այս տեսակն աշխատում է QR կոդերի «սև ցուցակի» գաղափարի հիման վրա, այսինքն՝ մարված տոմսերը ընկնում են «սև ցուցակ», վալիդատորի հիշողության մեջ ծավալ են կուտակում, ամեն 30 վայրկյան դա փոխանցում են սերվեր։ Ենթադրվում էր, որ այս տարբերակը 3-5% դեպքերում կօգտագործվի, այս ծավալը ցանկացած համակարգ հեշտությամբ կմարսեր»,- նշում է Մանուկյանը։
Նախատեսվող 3-5%-ի փոխարեն, սակայն, այսօր հասարակական տրանսպորտից օգտվողների մեծ մասը՝ Սարգիս Մանուկյանի խոսքով 60-70%-ը, նախընտրում է ամեն անգամ 150 դրամով մեկ տոմս գնել, արդյունքում տեխնիկական խնդիրներ են առաջանում։
«Համակարգը առողջացնելու նպատակով հիմա քննարկվում է այս խնդրահարույց կրիչից ազատվելու կամ մեկ այլ լուծում մտածելու հարցը։ Այս պահին վերջնական որոշում չկա»,- ասում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը։
Այս պահին բազմակի օգտագործման տրանսպորտային քարտերին հնարավոր է կցել 10 ուղևորության, օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթները, այսինքն՝ հնարավոր չէ քարտը լիցքավորել 150 դրամով ու գնել մեկանգամյա ուղետոմս։ Մանուկյանի խոսքով՝ որպես լուծում գուցե ավելացվի այս հնարավորությունը։
Տրանսպորտային քարտեր ձեռք բերել հնարավոր է Մետրոպոլիտենի կայարաններից և Երևանի տեղեկատվական–աջակցման կետերից, կանգառասրահների հարևանությամբ տեղադրված տերմինալներով հնարավոր է միայն լիցքավորել քարտերը։
Բանկային քարտերով վճարման տարբերակը գործում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ից։ Այդ օրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը, որը առաջիկայում նախատեսվում է ներդնել։ Այս հայտարարությունից կես տարի անց Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարել դեռ հնարավոր չէ։
«Միջազգային էս համակարգերի դեպքում տեղական բանկերը վճարման հարցերը չեն լուծում, միջնորդավճարի հարց է առաջանում, ինչը որոշակի լուծումներ է պահանջում»,- նշում է Սարգիս Մանուկյանը։
Մեկնաբանել