
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է Հ. Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։
«Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները։ Ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է»-, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ՝ 2025թ. հունիսի 13-ի, ձերբակալել էր Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել էր, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ԱԺ նախկին նախագահը ձերբակալվել էր փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
Մեկնաբանել