HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ աշխարհը ձայներով ես տեսնում. բակի շներն Ալբերտին «տնային կալանքի» տակ են պահում

Փոքր քառակուսու նմանվող խոհանոցում Ալբերտ Մարդյանը շոշափելով վերցնում է բաժակը, ապա մոտենում պահարանին դրված էլեկտրական սրճեփին: Ժամը 12-ին սուրճի ժամն է: Օրական մի անգամ է սուրճ խմում, բայց, ժպտում է՝ մեծ բաժակով: Ալբերտը սուրճը լցնում է, հետո սրճեփը միացնում հոսանքից: Մի պահ լռում ենք, նա ձայնից հասկանում է, որ սուրճը պատրաստ է:

-Նորմալ ըմ լցրա՞լ, թե՞ թափալ ա,- հարցնում է մեզ, քիչ անց ավելացնում,- մենք ինքնաթիռ էլ կարող ենք վարել, մենակ վայրէջքը չենք կարա անենք:

Նա վերցնում է տաք սուրճն ու գնում հյուրասենյակ: Շագանակագույն եւ կապույտ ծաղիկներով վարագույրը փոքր-ինչ մթնեցրել է սենյակը: Մեծ մահճակալին պառկած է Ալբերտի մայրը՝ 90-ամյա Ասկինա Մարդյանը: Զգեստապահարանին երկուսի դեղերն են դրված։

2023 թ. աշնանը Արցախից բռնագաղթելուց հետո մայր ու տղա ապրում են Չարենցավանի մեկսենյականոց բնակարանում: Երկուսն էլ առաջին խմբի հաշմանդամություն ունեն: Երկուսն էլ տեսողության կորուստ ունեն:

Ալբերտ Մարդյանը Արցախի կույրերի միության նախագահն է։

Մինչեւ 1993 թ. նրա տեսողությունը 50 տոկոս էր: Պատմում է, որ դեռ այդ ժամանակ հաճախ էր գնում Կույրերի միություն, սկսել էր սովորել այն բոլոր հմտությունները, որոնց տիրապետում էին թույլ կամ տեսողություն չունեցող մարդիկ: Եվ ահա 1993 թ. մի օր 25-ամյա Ալբերտը թերթ կարդալիս հայտնաբերել է, որ տառերի փոխարեն գծեր է տեսնում: Այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգից մի բժիշկ էր գտնվում Ստեփանակերտում: Նա վիրահատել էր Ալբերտի աջ աչքը՝ փոխելով ոսպնյակը: Սակայն հետվիրահատական բարդությունների պատճառով Ալբերտն իսպառ կորցրել է աջ աչքի տեսողությունը: Դրանից երկու տարի անց՝ 1995 թ., մի դեպքի պատճառով նա զրկվել է նաեւ ձախ աչքի տեսողությունից: Այս դեպքի մասին խնդրում է հարցեր չտալ, ասում է՝ հենց հիշում է, կատարվածը վերապրում է: Նույն տարում Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Ալբերտի ձախ աչքը վիրահատել են, բայց տեսողությունը չի հաջողվել վերականգնել: Դրանից շատ չանցած նա Մոսկվա է գնացել՝ հետազոտության համար, բայց արդեն կորցրել էր նաեւ լույսը տեսնելու կարողությունը:

Ասում է՝ երբ իսպառ կորցրեց տեսողությունը, արդեն շատ գիտելիք ու փորձ ուներ: Բայց տեսողության կորուստը ծանր հարված էր, ինչի հետեւանքով 2-3 տարի տնից դուրս չէր գալիս: Այդուհանդերձ, ամեն անգամ զգում էր մոր ապրումները, ինչն էլ Աբերտին դրդել է վերադառնալ ակտիվ կյանք: Կույրերի միությունում աշխատանքի էր անցել: Եղել է հրահանգիչ, մեթոդիստ, սովորեցնում էր շախմատ ու շաշկի խաղալ, իսկ ավելի ուշ՝ նաեւ համակարգչից օգտվելու հմտություններ:

«Յոթ անգամ ընկար, մի անգամ բարձրացիր: Ուզում եմ ասել՝ մի ալարիր, ինչ հնարավոր է անել այսօր, մի թող վաղվան»,- նշում է 57-ամյա Ալբերտ Մարդյանը, հետո անշտապ խմում սուրճը:

Համակարգչից հաղորդագրության ձայներ են լսվում: Մի պահ միացնում է, ապա անջատում: Ասում է՝ ականջները կույրերի աչքերն են: Ձայնով է սովորել տեսնել աշխարհը:

Ժամանակին մայրը՝ տիկին Ասկինան, դերձակ էր աշխատում: 1992 թ. ավիագրոհի ենթարկվեց Ստեփանակերտի իրենց հանրակացարանը, որտեղ տեղավորվել էին Բաքվից գաղթելուց հետո: Մայրը ոտքից վիրավորվեց, բուժումներ ստացավ, սակայն առողջությունը լիարժեք չվերականգնվեց: 2004 թ. էլ տիկին Ասկինան ընկել էր՝ մի քանի տեղից կոտրելով մյուս ոտքը: Մի տարի անկողնում էր մնացել, հետո սկսել էր սայլակով տեղաշարժվել: 44-օրյա պատերազմից հետո տարեց կինն այլեւս չի կարողանում սայլակ օգտագործել: Շուրջ 10 տարի է, ինչ տիկին Ասկինան կորցրել է տեսողությունը: Որդին նկատում է՝ մայրն աչքի տարածված հիվանդություն ուներ: Մոտ 20 տարի կարողացել էին դեղորայքային բուժմամբ պահել տեսողությունը, սակայն հետո դեղերն էլ չէին օգնել:

«1992-ին մամաս վիրավորվեց, 1993-ին ես կորցրեցի աջ աչքիս տեսողությունը, 1994-ին եղբայրս զոհվեց, 1995-ին՝ մյուս աչքիս տեսողությունը կորցրեցի: Մի խոսքով, 4 տարում մեր ընտանիքը պրծավ որպես առողջ ընտանիք: Այդ 4 տարիները ճակատագրական էին մեր ընտանիքի համար: Դրանից հետո մեկս մյուսին օգնում ենք»,- ասում է Ալբերտը: Զրույցի ընթացքում նա երբեմն մորն է դիմում՝ արդյոք հարմար է պառկած, արդյոք օգնելու կարիք կա:

Ալբերտի առավոտն սկսվում է մոր խնամքով: Հյուրասենյակ է բերում տաշտը, լվանում մոր դեմքն ու ձեռքերը, նախաճաշ բերում նրա համար: Ասում է՝ բացի մորը կերակրելուց, տան մնացած գործերը կարող է անել: Մի անգամ նույնիսկ բորշչ է պատրաստել:

Ալբերտին ու մորը շաբաթական 4 անգամ 2-ական ժամով օգնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցաշխատողը: Նա օգնում է նաեւ գնումների հարցում, տիկին Ասկինային է կերակրում, իսկ երբ չի գալիս, հարեւանն է օգնում:

Ալբերտն ասում է՝ մորը գրկել-բարձրացնելը ֆիզիկական ծանրաբեռնվածություն է իր համար: 2014 թ. ապրիլի 5-ը համարում է իր երկրորդ ծնունդը: Ստեփանակերտի իրենց տանը գորգը թափ տալուց վատացել էր, շտապօգնություն էին կանչել, բայց դեղ ներարկելուց 1 ժամ անց Ալբերտին տարել էին հիվանդանոց: Ապա Ստեփանակերտից ուղիղ Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ 9-ժամյա սրտի ծանր վիրահատության էր ենթարկվել: Դրանից հետո հաճախակի գնում է հետազոտության: Բժիշկներին հատուկ շնորհակալություն է հայտնում եւ նշում, որ ամեն տարի ապրիլի 5-ին սոցցանցերում գրառում է անում՝ ի նշան շնորհակալության, բացի դրանից՝ բանաստեղծություններ է գրում՝ ուղղված բժիշկներին:

Մայր ու որդի 2023 թ. սեպտեմբերի 30-ին Արցախից Հայաստան են եկել վերջին 13 ռեանիմոբիլներից մեկով: Բռնագաղթից առաջ հասցրել էին վերցնել մոր սայլակը:

Չարենցավանի մեկսենյականոց բնակարանը տիկին Ասկինան ժառանգություն է ստացել եղբորից: Բնակարանը հին է, վերանորոգման, թարմացման կարիք ունի: Գալուց ամիսներ անց փակ պատշգամբի ապակին երրորդ հարկից ընկել էր ցած: Ալբերտն ասում է՝ բոլոլրի բախտը բերել էր, որ այն չէր ընկել հարեւանների վրա: Դրանից հետո պատշգամբը վերանորոգելու համար Աբերտը դիմել է Չարենցավանի համայնքապետարան, որտեղից որեւէ արձագանք, այց չի եղել: Ստիպված իր սուղ միջոցներով մասնակի վերանորոգում է արել, սակայն պատշգամբի հատակը, դուռը դեռ պետք է փոխել: Խնդիր ունեն նաեւ տան էլեկտրական հաղորդալարերը: լԱբերտն ասում է՝ տունը քանդվում է, վերանորոգման կարիք ունի, բայց ինքը բավարար միջոցներ չունի:

Արցախում նրա օրերը հագեցած էին անցնում: Ստեփանակերտի Հայկավան թաղամասից մինչեւ կենտրոն քայլում էր: Օրական մոտ 5 կմ էր անցնում: Անգիր գիտեր խանութների, դեղատների, վարսավիրանոցների տեղերը, կարող էր հանգիստ գնումներ անել: Սակայն տեղահանությունից հետո Չարենցավանում չի կարողանում նույնիսկ 10 մետր քայլել: Իսկ հիմնական պատճառը ոչ թե տեղանքին անծանոթ լինելն է, այլ բակի շները:

«Որ եկա էստեղ, ընկա բանտ, բայց բանտն ինչո՞վ է լավ՝ այնտեղ օրական մի անգամ դուրս էի գալիս ման գալու: Բայց այստեղ չեմ կարողանում դուրս գալ: Մարդը, որ տանն անընդհատ նստի, բնականաբար, կվատանա»,- նշում է Ալբերտը:

Ասում է, որ բակում մոտ 10 շուն կա, որոնցից հատկապես երկուսը շատ ագրեսիվ են՝ հարձակվում են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի վրա: Ապրիլին շներից մեկը բռնել էր Ալբերտի ոտքը, բայց չէր կրծել: Ասում է՝ չի շարժվել այդ պահին, հակառակ դեպքում շունը գուցե կծեր: Շներն, ըստ նրա, ագրեսիվ են դառնում նաեւ ձեռնափայտ տեսնելիս, առանց որի ինքը դժվար կտեղաշարժվի:

«Մեր հաշմանդամների ինչի՞ն է պետք ձեռնափայտը, եթե չեն կարողանալու այն օգտագործել: Ի՞նչ է, տանը բիլիա՞րդ են խաղալու: Միայն դրա՞ համար է: Հիմարություն: Կարծում եմ՝ սա մեր բոլոր հաշմանդամների խնդիրն է, այդ թվում՝ թույլ տեսնողների, որովհետեւ երբ մի քիչ մթնում է, թույլ տեսնողները նույնպես մեծ խնդիրներ են ունենում»,-ասում է նա:

Պատմում է, որ Չարենցավանում ամեն օր շներ 2-3 հոգու կծում են: Թափառող կենդանիները շատացել են: Բակում երեխաները վախենում են խաղալ, մեծերը՝ երեկոյան աշխատանքից հանգիստ վերադառնալ:

«Ամեն օր իմ պատուհանի տակ երեխաների լաց եմ լսում»,- ասում է Ալբերտը։ Շենքի հարեւանությամբ Չարենցավանի թիվ 4 դպրոցն է: Այդտեղ, ըստ հարեւանների, երեխաները մեծերի ուղեկցությամբ են դպրոց հասնում:

Ձմռանը շների մի մասը տաք տեղ է փնտրում՝ տեղավորվելով շենքի շքամուտքում: Սա առանձնակի դժվարություն է Ալբերտի համար: Ասում է՝ քանի որ չի տեսնում, չի կարող պատկերացնել՝ այդ պահին կենդանին որտեղ է գտնվում, որ հանկարծ չտրորի պոչը:

Բռնագաղթից հետո Ալբերտի ոտքով ճանապարհը դարձել է երրորդ հարկից առաջին հարկ իջնելն ու բարձրանալը: Տնից դուրս գալուց տաքսուց է օգտվում: Նկատում է, որ ձմռանը տաքսու վարորդներն օգնում էին իրեն մինչեւ բնակարան հասնել, քանի որ ցրտից շները շքամուտք էին լցվում:

Հիշում է, որ մի անգամ տաքսու վարորդին պայուսակ պիտի փոխանցեր, որ տաներ իր ծանոթներից մեկին: Խնդրել էր բարձրանալ երրորդ հարկ, բայց վարորդը հրաժարվել էր շների պատճառով:

2023 թ. դեկտեմբերին թաղային ոստիկանն այցելել էր Ալբերտենց՝ նրանց գրանցելու համար: Ոստիկանին հայտնել էր, որ շենքում եւ բակում շատ շներ կան, որոնք մարդկանց չեն թողնում ապահով տեղաշարժվել: «Ասեցին՝ ոչ մի բան չենք կարող անել, Բնապահպանությունից մեզ ոչինչ չեն թողնում անենք, շներին չենք կարող կպնել: ԱԻՆ էի զանգել, ասել էի, որ չեմ կարողանում տնից դուրս գալ շների պատճառով: Նույն ձեւով էլ իրենք են պատասխանել, հետո Բնապահպանություն էի զանգել, էդտեղից էլ ասել են՝ համայնքապետարանին դիմեք: 2024 թ. օգոստոսին մտա Չարենցավանի համայնքապետի մոտ: Բալկոնի համար դիմեցի, բայց որ տեսա չեն կարող օգնել, ասեցի՝ գոնե շների հարցը լուծեք: Ասեցի՝ գոնե շենքի մուտքի դուռը փոխեք, որ շները չմտնեն: Սակայն մինչ օրս ոչինչ չեն արել»,- նշում է Ալբերտ Մարդյանը:

«Էստեղից 100 մետրի վրա խանութ կա, որ շները չլինեն, կգնամ, քանի որ մեր աշխատողը 4 անգամ է գալիս: Եթե մի օր հաց է պետք, ու ինքը չի աշխատում, ո՞նց գնամ, իմ հարեւաններն էլ 70-ն անց մարդիկ են, մեկն էլ պետք է, որ իրենց համար գնա խանութ: Մայիսին իրենց տուն հյուր էր եկել, բակում շունը հարձակվել էր, կծել այդ մարդու ոտքը»,- ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ խնդիրը մարդկանց անվտանգությանն ու իրավունքներին է վերաբերում:

Ալբերտը մոտենում է մորը, բարձրացնում, ուղղում բարձն, ապա վերմակով ծածկում այնպես ուղիղ, որ վերմակին մի ծալք անգամ դժվար կգտնես: Հետո միացնում է համակարգիչը: Հիմնականում ականջակալներով է աշխատում՝ մորը չանհանգստացնելու համար: Ալբերտի օրն անցնում է սպորտային խաղերին հետեւելով, բանաստեղծություն կամ հոդված գրելով ու մորը խնամելով:

ՀԳ. Չարենցավանում շների ագրեսիվության ու հարձակումների թեմային կանդրադառնանք հաջորդ հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter