
«Սխալմունքներ» Նոյեմբերյան համայնքում
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Սակայն, երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:
Համայնքային գույքը՝ օգնականի ընկերությանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրի տվյալներով՝ Գեղամ Ջիլավյանը 2020-ի մայիսի 1-ից մինչ 2022-ի մարտի 15-ը զբաղեցրել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնը։ 2023-ի օգոստոսին համայնքի ղեկավարի որոշմամբ Գեղամ Ջիլավյանը նշանակվել է համայնքի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2024-ի նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից։ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի որոշումներից պարզ է դառնում, որ Գեղամ Ջիլավյանն այժմ ևս զբաղեցնում է համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 5-ին Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի հոկտեմբերի 14-ին ընկերությունում 50% փայատեր է դառնում Տաթևիկ Մարությանը։ Մինչ «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ում փայատեր դառնալը, Տաթևիկ Մարությանը դիմել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարին՝ խնդրելով քաղաքի Շիրազի 39 հասցեից մոտ 300 քմ տարածք 4 տարի ժամկետով հատկացնել իրեն ավտոմեքենաների տեխզննման կետ բացելու և ավտոմեքենաների սպասարկման ծառայություն մատուցելու համար։
2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստում, համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանին որոշել է տալ համաձայնություն՝ Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեի 496 քմ մակերեսով շինության 296 քմ մակերեսը վարձակալական հիմունքներով տրամադրել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին։ Տարածքը տրամադրվել է 4 տարի ժամկետով՝ ամսական 70,000 դրամ վարձավճարով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 15 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։
Տաթևիկ Մարությանի՝ համայնքի ղեկավարին ուղղված դիմումում ամսաթիվ նշված չէ, սակայն տրամաբանական է, որ այն գրվել է մինչեւ ավագանու որոշումը, իսկ այդ ընթացքում Տաթևիկ Մարությանը դեռևս «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի համասեփականատերը չէր։ Ստացվում է, որ նրա դիմումի համաձայն տարածք է տրամադրվել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին, որի հետ այդ ժամանակ նա կապ չի ունեցել։
Բացի այդ, Տաթևիկ Մարությանը համայնքի ղեկավարին տարածք տրամադրելու խնդրանքով դիմել է որպես ֆիզիկական անձ, մինչդեռ ավագանին որոշել է Տ. Մարությանի դիմումում նշված տարածքը տրամադրել ընկերությանը, այսինքն՝ իրավաբանական անձին: Տ. Մարությանի դիմումում «Ջի Գարաժ»-ի վերաբերյալ որևէ նշում չկա, ինչը հասկանալի է, քանի որ այդ ժամանակ նա ընկերության հետ կապ չի ունեցել:
2025-ի հունվարի 15-ին համայնքի ավագանին որոշում է փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ և տարածքը «Ջի Գարաժ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու ժամկետը դարձնել 25 տարի։ Մեկ ամիս անց, հիմք ընդունելով ավագանու որոշումը, համայնքի ղեկավարը որոշում է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ջի Գարաժ» ՍՊԸ-ի միջև 2022թ. հոկտեմբերի 31-ին կնքված վարձակալության պայմանագրում ժամկետի փոփոխություն կատարել՝ դարձնելով 25 տարի:
Ուշագրավ է, որ մինչ այս որոշումը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, նշանակվել էր «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի տնօրեն։ Ըստ Պետռեգիստրի՝ նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2024-ի դեկտեմբերի 19-ից։ Իսկ համայնքի ղեկավարի որդին և դուստրը հաշվառված են այն հասցեում, որտեղ հաշվառված է նաև համայնքի ղեկավարի օգնական և նշված ընկերության համասեփականատեր Գեղամ Ջիլավյանը։
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Շիրազի 39 հասցեում կան մի քանի շենք-շինություններ, որոնք բոլորը պատկանում են Նոյեմբերյան համայնքին, այդ թվում՝ «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրվածը։
Նոյեմբերյան համայնքի ղեկավարին գրավոր խնդրել ենք պարզաբանել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի վերաբերյալ համայնքի ավագանու և իր որոշումները։ Արսեն Աղաբաբյանը, հղում անելով Իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի տվյալներին, նշել է. «…Տաթևիկ Մարությանը 2021 թվականի մայիսի 2-ից հանդիսանում է «Ջի-Գարաժ» ՍՊ ընկերության իրական շահառու։ Նույն օրվանից վերջինս համարվում է նույն ընկերության հիմնադիր։ Ուստի Ձեր պնդումը այն մասին, որ Տաթևիկ Մարությանի դիմումի համաձայն տարածք է տրամադրվել «Ջի-Գարաժ» ՍՊ ընկերությանը, որի հետ նա կապ չի ունեցել, չի համապատասխանում իրականությանը»:
Իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ջի Գարաժ» ընկերությունը հիմնադրվել է ոչ թե 2021-ի մայիսի 2-ին, այլ փետրվարի 5-ին, իսկ Տաթևիկ Մարությանը ընկերության հիմնադիր չէ, քանի որ ընկերության համասեփականատեր է դարձել 2022-ի հոկտեմբերի 14-ին՝ մինչ ավագանու համաձայնությամբ «Ջի-Գարաժ» ընկերությանը տարածք տրամադրելը։ Մինչև Տ. Մարությանի համասեփականատեր դառնալը, ընկերությունն ամբողջությամբ պատկանել է Գեղամ Ջիլավյանին:
«Նկատի ունենալով վերոգրյալ հանգամանքները, գտնում ենք, որ «Ջի-Գարաժ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու համար իմ կողմից առաջարկ ներկայացնելու և այդ առաջարկին կողմ քվեարկելու փաստը չի կարող վերագրվել իբրև շահերի բախում, քանի որ՝ դիմումը ներկայացվել է Տաթևիկ Մարությանի կողմից, իսկ համայնքի ղեկավարի օգնականը տվյալ որոշման մշակման, քննարկման կամ ընդունման փուլում որևէ կերպ չի մասնակցել, և համայնքի ղեկավարի կողմից որոշումն ընդունվել է բացառապես ավագանու քննարկման և հաստատման արդյունքում»,- հայտնել է համայնքի ղեկավարը։
Համայնքի ղեկավարը որդու, դստեր և «Ջի-Գարաժ» ընկերության հիմնադիր և համայնքի ղեկավարի օգնական Գեղամ Ջիլավյանի՝ նույն հասցեում հաշվառված լինելու վերաբերյալ ասել է, թե՝ «․․․հանգամանքը պայմանավորված է բացառապես անձնագրային բաժանմունքի կողմից թույլ տրված սխալ գրառմամբ»:
Արսեն Աղաբաբյանը հայտնել է նաև, որ անձնագրային բաժանմունքի սխալ գրառման հետևանքները վերացվել են, իսկ իր դուստրը, որդին և Գեղամ Ջիլավյանը փաստացի համատեղ չեն բնակվում և երբևէ չեն բնակվել։ Նշենք, որ նույն հասցեում հաշվառվելը և փաստացի բնակվելը տարբեր են: Հնարավոր է՝ անձը հաշվառվի հասցեում, սակայն փաստացի բնակվի մեկ այլ հասցեում:
Համայնքային բյուջեն՝ կուսակցական շահերի համա՞ր
Արսեն Աղաբաբյանը Նոյեմբերյան համայնքի ղեկավար է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակով: Աղաբաբյանի 2024-ի մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։ Այս փոխանցման նպատակը Նոյեմբերյան քաղաքում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման համար անհրաժեշտ միջոցառման ծախսերը հոգալն էր։ Ըստ որոշման՝ հանդիպումը եղել է նույն տարվա փետրվարի 21-ին։ Այսինքն՝ համայնքային բյուջեից գումար է ծախսվել կուսակցական շահերը սպասարկելու համար։
Արսեն Աղաբաբյանն իր որոշումը հիմնավորել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, այն է՝ համայնքի ղեկավարը տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները։
«Իրականում փոխանցումը պայմանավորված է եղել «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ հանդիպման նպատակով նախատեսված միջոցառման ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ, սակայն նշված որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային ձևակերպման սխալմունքի արդյունքում գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն»,-«Հետքին» պարզաբանել է Արսեն Աղաբաբյանը՝ հավելելով, որ բարեգործական հիմնադրամը համայնքին օգնել է ֆինանսապես, նվիրաբերել և անհատույց օգտագործման է տրամադրել մի շարք գույքեր, այդ թվում՝ դրամական միջոցներ։
Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվել, որ համայնքապետի մերձավորներին, իր կուսակցությանը վերաբերող հարցերում կամ որոշումներում հաճախ են տեղ գտել «սխալմունքներ»:
Համայնքի կարիքների համար գնում՝ ավագանու անդամից
2025թ. մարտի 6-ին Նոյեմբերյան համայնքը պատուհաններ գնելու համար պայմանագիր է կնքել համայնքի ավագանու անդամ Քաջիկ Անանյանի հետ։ Համայնքային բյուջեից այս գործարքի համար վճարվել է 784 հազար դրամ։ Թեև «Գնումների մասին» օրենքը չի արգելում 1 մլն դրամը չգերազանցող գնում կատարել մեկ անձից, այլ ոչ մրցութային կարգով, բայց համայնքի ավագանու անդամից գնում կատարելը խնդրահարույց է: Ավագանու անդամից պատուհանի ձեռքբերումը պայմանավորված է ոչ հեղինակային և հարակից իրավունքներով, ոչ էլ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, հետևաբար՝ ինչո՞ւ գնել ավագանու անդամից, եթե այդ ապրանքը կարելի է գնել որևէ շահով չպայմանավորված այլ անձանցից:
Քաջիկ Անանյանը Նոյեմբերյանի համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտոնների դաշինք» կուսակցության ցուցակով՝ զբաղեցնելով 2-րդ համարը: Համայնքապետարանի հրապարակած տեղեկությունների համաձայն, Քաջիկ Անանյանը ավագանու որոշումների նախագծերի գերակշիռ մասին կողմ է քվեարկել։ Ավագանու որոշման 639 նախագծերից 603-ին կողմ է քվեարկել, 2-ին՝ դեմ, 3 անգամ չի քվեարկել և 31 անգամ բացակայել է:
Արսեն Աղաբաբյանը «Հետքին» պարզաբանել է, որ Քաջիկ Անանյանից պատուհաններ գնելու համար պայմանագիր կնքելուց առաջ շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել, քանի որ օրենքով սահմանված կարգով իրականացվել է մեկ անձից գնում՝ առանց ավագանու որոշման:
«Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության արդյունքում երրորդ անձանց իրավունքները չեն ոտնահարվել, որևէ մեկին վնաս չի պատճառվել»,-նշում է Ա. Աղաբաբյանը:
Ինչպես գնել CADILLAC 15,000 դրամով
«Ջի-Գարաժ» ընկերությունում սեփականատեր-փայատեր լինելու և եկամուտ ստանալու վերաբերյալ Գեղամ Ջիլավյանն իր հայտարարագրում ոչինչ չի նշել, չնայած՝ պարտավոր էր դա անել։ Ընկերություն ունենալու մասին որեւէ նշում չկա նաև նրա 2021թ. տարեկան հայտարարագրում, երբ Կողբի համայնքապետարանում էր աշխատում:
Իսկ համայնքի ղեկավարի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, 2023թ. տարեկան հայտարարագրում նշել է, որ նույն տարվա հունվար ամսին գնել է 2020 թվականի արտադրության CADILLAC մակնիշի ավտոմեքենա, բայց այդ տարվա նրա եկամուտները կազմել են 15 հազար դրամ, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերում չկա որևէ նշում եկամտի վերաբերյալ։ Պարզ չէ, թե համայնքի ղեկավարի որդին ինչ միջոցներով է CADILLAC գնել։ 2024-ի հայտարարագրում Վահագն Աղաբաբյանը նշել է, որ եկամուտ է ստացել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ից։
Մեկնաբանել