
Չեղարկվել են Երևանից Դուբայ, Աբու Դաբի, Թեհրան և Թել Ավիվ չվերթերը
«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, նախատեսված մի շարք չվերթեր Երևանից Դուբայ, Աբու Դաբի, Թեհրան, Թել Ավիվ, Շարջա և հակառակ ուղղություններով՝ չեղարկվել են։
Պատճառների վերաբերյալ «Հետքը» մեկնաբանություն խնդրեց Քաղավիացիայի նախագահի օգնական, մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանից։
«Գիշերը 4:30-ին Իրանի օդային տարածքը փակվել է, դրա պատճառով մի քանի օդանավեր վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Դրանցից են՝ Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ, Կազան-Շարջա, քանի որ «Զվարթնոցը» իրենց պահուստային օդանավակայանն է, էստեղ են իջել այդ թռիչքները։ Այդ վիճակով պայմանավորված՝ չեղարկվել են նաև մի քանի թռիչքներ՝ Երևան-Թել Ավիվ, Աբու Դաբի-Երևան, Դուբայ-Երևան»,- հայտնեց Լիլիթ Աղաբեկյանը։
Ըստ «Զվարթնոցի» կայքի՝ չեղարված թռիչքների ցանկն ավելի մեծ է։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի ժամանակով 04:00-ի սահմաններում Իսրայելը սկսել է հարվածել Իրանի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզում և Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկություններին, Քերմանշահի և Խորեմաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և իրանական մյուս խոշոր քաղաքներին։
Մեկնաբանել