HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լիճը տարեկան 400 մլն դոլարի օգուտ է տալիս Հայաստանի տնտեսությանը

Սևանա լիճն ազգային տնտեսությանը տարեկան 400 մլն դոլարի օգուտ է տալիս։ Սա «Սևանա լճի բնապահպանական դիմադրողականության ամրապնդում և կայուն տնտեսության խթանում» (Strengthening Environmental Resilience and Fostering Sustainable Economy for Lake Sevan) ծրագրի նախնական գնահատականն է:

Երկամյա ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության և Ջրային կոմիտեի մասնակցությամբ։ Առաջինը մասնակցում է որպես էկոհամակարգի պատասխանատու կառույց, երկրորդը՝ մաքրման կայանների շահագործման պատասխանատու։ Ներգրավված են նաև գիտնականներ, տնտեսագետներ և այլ մասնագետներ։ 

Սևանա լճի էկոհամակարգային ծառայություններից ընտրվել են ամենակարևորները՝ ձկնորսությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տուրիզմը և պատմամշակութային ժառանգությունը։ Համապատասխանաբար, նախնական ուսումնասիրություններով, գնահատված տնտեսական արժեքը ձկնորսության ոլորտում կազմել է տարեկան 24 մլն դոլար, գյուղատնտեսության ոլորտում՝ 101 մլն դոլար, էներգետիկայում՝ 26 մլն դոլար, տուրիզմում՝ 222 մլն դոլար, իսկ պատմամշակութային ժառանգության ոլորտում՝ 31 մլն դոլար։  

«Թեև ոչ մեկը չի վիճարկում Սևանի բացարձակ արժեքը, բայց ֆինանսիստի հետ խոսելիս պետք է կարողանաս ասել՝ որքան օգուտ է բերում և որքան ծախս է պահանջում։ Բնական կապիտալի և բնական էկոհամակարգի վրա արժեքային գնահատական դնելը բավական գռեհիկ է հնչում, բայց ներդրման հիմնավորվածության գնահատման տեսակետից պետք է հաշվել, թե Սևանը տարեկան որքան արժեք կամ օգուտ է գեներացնում»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Ասիական զարգացման բանկի կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը, ով նաև համակարգում է վերոնշյալ ծրագիրը։ 

Վերջինս մանրամասնում է, որ նպատակն էր գնահատել, թե ինչպիսի էկոհամակարգային ծառայություններ է մատուցում Սևանը, որքան տնտեսական արժեք են ստեղծում այդ ծառայությունները, դրանց որ մասն է վտանգվում, եթե Սևանում կեղտաջրերի մաքրմանն ուղղված միջոցառումներ չիրականացվեն։ 

«Ես միշտ ասում եմ, որ երբ ինչ-որ բան անկատար է, դրա դիմաց վճարում ես, թեկուզ անուղղակիորեն։ Հիմա, ցավոք, մեր համակարգերի անկատարության համար Սևանն է վճարում։ Մեր ոռոգման ցանցը դեռ անկատար է, և ջրային կորուստները մենք կոմպենսացնում ենք Սևանից»,- ավելացնում է Վարդան Կարապետյանը։ 

Սևանա լճի բարելավումը՝ կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայաններով

Այս ծրագրում դիտարկվում է կեղտաջրերի կենսաբանական կայանների անհրաժեշտությունը։ Տեխնիկական աշխատանք է կատարվել ՝պարզելու, թե կեղտաջրերի կառավարման ինչպիսի լուծումներ են հնարավոր։ Կառավարությանն առաջարկվել է երկու հիմնական մոդել՝ առավել կենտրոնացված և պակաս կենտրոնացված ջրահեռացում և մաքրում։ 

Առավել կենտրոնացված մոդելում դիտարկվել է Սևանի ավազանի կոյուղացանցի մինչև 65 %-ի ամրակցումը երեք մաքրման կայաններին Գավառում, Մարտունիում և Վարդենիսում, իսկ պակաս կենտրոնացված մոդելում՝ մինչև 35 %-ի ամրակցումը նույն կայաններին։ Իսկ այն ամենը, ինչը չի միացվում այս համակարգերին, մաքրվելու է ապակենտրոնացված լուծումներով։ Դրանք, օրինակ, մի քանի տների համար սեպտիկ հորերի ստեղծումն է։  

Տեխնիկատնտեսական հաշվարկները ցույց են տվել, որ երկարաժամկետ և շահագործման տեսակետից ավելի նպատակահարմար է առավել կենտրոնացված մոդելը, երբ կկառուցվի կոյուղացանց և դրա 65 %-ը կմիացվի մաքրման կենսաբանական կայաններին։ 

Զուգահեռաբար, իրականացվում է Սևանի ավազանի մինչև 570 կմ կոյուղացման ցանցի նախագծում։ 

Վարդան Կարապետյանն ասում է, որ այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ կլինի նաև բարելավել օրենսդրական դաշտը, անասնապահության ոլորտը, որպեսզի, օրինակ, ոչ անհրաժեշտ պարարտացումներ չկատարվեն։ 

Որքա՞ն կարժենան կենսաբանական կայաններն ու կոյուղացանցը

Մաքրման կայանների արդիականացման և կենսաբանական կայանի հզորությունն ապահովելու, ինչպես նաև նշված կոյուղացանցերը կառուցելու համար, նախնական հաշվարկով, 80-200 մլն դոլարի ներդրման անհրաժեշտություն կառաջանա փուլային կատարման տրամաբանությամբ։ Վարդան Կարապետյանի համոզմամբ, եթե այս թիվը հարաբերակցվում է Սևանա լճի տարեկան 400 մլն դոլար օգուտի հետ, ակնհայտ է դառնում, որ կեղտաջրերի կայանների ներդրումն իմաստալից է, որը 20 տարվա կտրվածքով տրոհելիս տարեկան 6-15 մլն դոլար կկազմի։  

«Սևանի բնական էկոհամակարգերի պահպանմանը միտված ծրագիրը մեզ համար կարևորագույննրից է․ հույս ունենք, որ կառավարությունը կկարևորի ներդրումը բնապահպանական կայունության օրակարգում։  Մենք շատ ծրագրեր ունենք ճանապարհաշինություն և ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը միտված, բայց բուն բնապահպանությանն ուղղված ծրագիր չունենք։ Այս իմաստով Սևանը փորձում ենք ներկայացնել որպես ամենակարևորը, նաև հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ CBD COP17-ը։ Կարծում եմ, որ Սևանի ծրագիրը պետք է ներկայացվի համաժողովին որպես մեր մեծագույն բնական կապիտալի պահպանության ուղությամբ քայլ, և փաստվի երկրի նախանձախնդրությունը դրա պահպանության իմաստով»,- նշում է Վարդան Կարապետյանը։ 

Ո՞վ է շահագործելու մաքրման կենսաբանական կայանները

Ամենաբարդ հարցն այն է, թե ով է շահագործելու մաքրման կայանները, և ով է վճարելու դրա համար։ 

Հաշվարկները ցույց են տվել, որ եթե պետությունն այդ բեռը փոխանցի սպառողին, ապա ջրի սակագինը 1 դրամով կթանկանա։ Այսինքն՝ բոլոր սպառողները պետք է պատրաստ լինեն 1 դրամ ավել մուծել Սևանի բարեկեցությունն ապահովելու համար։ 

Հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի և գրադարանի վարիչ Ալեքսանդր Առաքելյանն այս ծրագրի ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայի փոփոխության փորձագետն է։ 

«Հետք»-ի հետ զրույցում շեշտում է, որ եթե մենք կորցնենք Սևանա լճի որակը, մենք կունենանք բնապահպանական, մշակութային, ռեկրեացիոն և տնտեսական մեծ կորուստներ։ Այս ուսումնասիրությամբ գնահատվում է նաև ներդրումային փաթեթի չափը, թե որքան պետք է այն լինի, որ Սևանի կեղտաջրերի հարցն ամբողջական լուծում ստանա։ Եվ եթե այդ լուծումը չկիրառվի, որքան կլինի կորուստը յուրաքանչյուր ոլորտում և ընդհանուր։ 

Ալեքսանդր Առաքելյանը կարծում է, որ եթե պետությունը չկարողանա ամբողջական ներդրում ապահովել, ապա վարկային միջոցներով կարելի է իրականացնել ծրագիրը, սակայն այս պահին էլ քննարկվում են օպերացիոն ծախսերի հարցն ու դրանց բաշխման մոդելները։ Ջրի սակագնի բարձրացումը ամենապարզ մոդելն է, որը, թերևս, ըստ Առաքելյանի, անխուսափելի կլինի, քանի որ ջուրը Հայաստանում բավականին էժան է։ 

Դիտարկվում է նաև այլ տարբերակ, օրինակ՝ կիրառել սիմվոլիկ գումար որպես տուրիստական հարկ, որը շատ երկրներում է ներառված։ Կամ՝ կարող են ստեղծվել բնապահպանական ֆոնդեր, օրինակ՝ աղտոտողը վճարում է սկզբունքով։

Առաքելյանն ասում է, որ մինչև Կառավարությունը չորոշի, թե որ տարբերակին է հակված պետությունը, ներդրումային փաթեթի վերջնական հաշվարկ չի արվի։ 

Առաքելյանի դիտարկմամբ, բացի Մարտունու, Վարդենիսի և Գավառի կայանների արդիականացման անհրաժեշտությունից, ամենամեծ ծախսը կոյուղագծերի անցկացումն է, քանի որ միջինում համայնքների 50 տոկոսն է միացված մաքրման կայաններին։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում՝ բացահայտելու այն հատվածները, որտեղ ապակենտրոնացված լուծումների կարիք կա, որպեսզի Սևանի ավազանն ամբողջությամբ ծածկվի։ 

Կայանների սպասարկման օպերատորի ընտրությունը եւս այս պահին խնդրահարույց է. եթե այն հանձնվի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, ապա պայմանագրի ավարտից հետո ո՞վ է սպասարկելու այդ կայանները։

«Դրսի փորձը ցույց է տալիս, որ մաքրման կայանները համայնքային ենթակայության տակ են, բայց մեր մոտ համայնքային ռեսուրսները՝ գիտելիքների, մասնագետների և ֆինանսական առումով կարող է չբավարարեն։ Բացի դրանից, ապակենտրոնացված հատվածների սպասարկումն ինչպե՞ս և ո՞ւմ կողմից պետք է իրականացվի»,- դեռևս լուծում չգտած հարցերի մասին է բարձրաձայնում Առաքելյանը։ Միաժամանակ նշում է, որ որքան ավելի կենտրոնացված է լինում համակարգը, որքան ավելի շատ բաժանորդներ են լինում՝ միացված այդ համակարգին, այնքան ավելի էժան է լինում դրա սպասարկումը։ 

Սևանա լճի տեխնիկական աջակցության այս ծրագիրն ավարտվելու է 2025թ․ դեկտեմբերին։ Շուտով նաև հայտարարվելու է կենսաբանական մաքրման կայանների նախագծման մրցույթը՝ Վարդենիսի, Գավառի և Մարտունու կայանների համար։ Դրանից հետո Կառավարությանն ամբողջական փաթեթ կներկայացվի, և գնդակը կհայտնվի Կառավարության դաշտում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter