HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար բողոքների քննության գրավոր ընթացակարգ կսահմանվի

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։

Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ բողոքի քննության ընթացքում բողոքի սահմաններից ի շահ մեղադրյալի դուրս գալու դեպքերում բանավոր ընթացակարգով բողոքների քննության առանձնահատկությունները։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովման տեսանկյունից ապահովել իրական և օբյեկտիվ հնարավորություն օրենսգրքով սահմանված ժամկետներում իրականացնել դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը։

Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանել, որպիսի կարգավորումը վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգի հետ զուգորդմամբ կնպաստի բողոքների քննության արագությանը, հետևաբար նաև, գործերի ողջամիտ ժամկետներում քննության պահպանմանը: Նախագծով առաջարկվում է նաև դատավճռին ներկայացվող պահանջների փոփոխություն։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, քրեական դատավարության գրավոր ընթացակարգը նորություն չէ. «Այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով: Եվ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ: Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը»:

Նախարարի խոսքով՝ դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կարգավորումը. յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը և հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից: 

«Սա հանգեցնելու է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը, հետևաբար, որպես հաջորդ քայլ, նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս: Այսինքն՝ սահմանվում է բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ՝ 4 ամիս ժամկետով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումը կնպաստի արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը՝ բացառելով բանավոր քննության ժամանակ թույլ տևվող դատավարական չարաշահումներն ու գործերի անհարկի ձգձգումները:

Լուսանկարում՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter