
Հայաստանի մշտական բնակչության 37%-ը Երևանում է
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 081 100 է: Հունվարի սկզբի համեմատ մշտական բնակչության թիվն աճել է 4900-ով կամ 0.2%-ով։
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, Հայաստանի բնակչության 37%-ը՝ 1 142 400, հաշվառված է Երևանում։
Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր՝ մինչև մեկ տարի, բացակայողները:
Մշտական բնակչության թվով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ հաշվառված է 294 400 բնակիչ։
Երրորդ տեղում Արմավիրն է՝ 268 900 բնակչով։
Հայաստանի մարզերից ամենափոքր թվով բնակչությունն ունի Վայոց Ձորը՝ 49 500:
Երևանում բնակչության թվով առաջինը Մալաթիա-Սեբաստիան է
Երևանի վարչական շրջաններից ամենաշատ մշտական բնակչություն ունեցողը Մալաթիա-Սեբաստիան է։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Մալաթիա-Սեբաստիայում ապրում է 150 100 մարդ, որը Երևանի բնակչության շուրջ 13%-ն է։
Մշտական բնակչության թվով առաջին եռյակում են նաև Շենգավիթն ու Նոր Նորքը՝ յուրաքանչյուրը 12% տեսակարար կշռով։
Առավել քիչ բնակեցված է Նուբարաշենը՝ 11 100 մարդ, որը Երևանի բնակչության 1%-ն է։
Մյուս վարչական շրջանների տեսակարար կշիռները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկության ստացման սկզբնաղբյուրը բնակչության մարդահամարներն են:
Ընթացիկ հաշվառումն իրականացվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2022թ.) ստացված մշտական բնակչության տվյալներով, որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների (հաշվառումից հանվածների) թվաքանակը:
Մեկնաբանել