
Քաղաքացիները օդանավակայանում դիմավորեցին Կաթողիկոսին (լուսանկարներ)
Հարյուրավոր քաղաքացիներ կեսգիշերն անց եկել էին «Զվարթնոց» օդանավակայան` դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին․ նա մեկօրյա այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ժամանելով օդանավակայան, ողջունեց հավաքվածներին։
«Մեր խորը գոհունակությունն ենք ուզում հայտնել և մեր գնահատանքը ձեզ, որ այս ուշ ժամին համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված, եկեղեցու՝ մեր և եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելինե՛ր, գիտենք, որ այդ արտահայտությունները՝ հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Ամու՛ր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։ Հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»,- նշեց Գարեգին Բ-ն և իր խոսքն ամփոփեց տերունական աղոթքով։
«Վեհափա՜ռ, վեհափա՜ռ» վանկարկումներով քաղաքացիներն ուղեկցում էին Կաթողիկոսին մինչև իր մեքենան։
Մեկնաբանել