
ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղությունների զարգացման հեռանկարները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Էստոնիայի ԱԳ նախարարության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման: Այս մասին հաղորդում է ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:
Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, նախանշված արդյունքների, թվայնացման, կիբեռանվտանգության, էլեկտրոնային կառավարման, ամպային ծառայությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնահերթությունների ու մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ, այդ համատեքստում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձրաստիճան փոխայցելություններին և ակտիվ փոխգործակցությանը, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակական և զարգացող գործընկերությունը, համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամությունը։
Մեկնաբանել