HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնարկվել է ԿԳՄՍ նախարարության 2024 թ. պետական բյուջեի կատարողականը

ԱԺ-ն հայտնում է, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը: Նախարարության ծախսերը կազմել են 285,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 80,9 տոկոս: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագրի՝ նախատեսվածից ցածր կատարողականով: Նախարարությունն իրականացրել է 23 ծրագիր եւ 234 միջոցառում: 2024 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվել են 7,8 մլրդ դրամի վերաբաշխումներ, 47 մլրդ 232 մլն դրամի գնումներ, որոնցից 1 մլրդ 464 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Նախարարությունը փաստացի հավաքագրել է 46 մլն դրամի տուրքեր եւ ունեցել է 20 մլն դրամի այլ եկամուտներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը հասել է 63 մլրդ-ի: Նշվել է, որ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշի աճը ցույց է տալիս, որ բոլոր պլանները, հավակնոտ ծրագրերն իրականացվելու են: «Այն թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով նախարարության աշխատանքների ընդհանուր ուղղությունների մասին՝ զեկուցողը նշել է, որ բոլոր ուղղություններով եղել են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք արտացոլված են բյուջետային ծրագրերում: Նախարարը մանրամասն ներկայացրել է նախադպրոցական, հանրակրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, խոսել  ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրերի, բուհերի խոշորացման եւ միավորման հայեցակարգի, գիտության ոլորտի ֆինանսավորման եւ արդյունքների, գիտության մրցունակության աճի մասին:

Հանրակրթության ծրագրին 2024 թվականին ուղղվել է ավելի քան 126.6 մլրդ դրամ եւ ապահովվել 99.8 տոկոս կատարողական:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը խոսել է մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ հաշվետու տարում կատարված օրենսդրական աշխատանքները, երիտասարդական կենտրոններ ձեւավորելու համար տրամադրված դրամաշնորհները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին: Զեկուցողի դիտարկմամբ այն ոլորտի առաջին օրենսդրական փաթեթն էր, որ ԱԺ հետ համագործակցությամբ է քննարկվել եւ ընդունվել: Ըստ նախարարի՝ ոլորտում առկա են ինստիտուցիոնալ հիմքեր հետագա զարգացման մասին խոսելու եւ աշխատանքներ իրականացնելու համար:

Վահե Հովհաննիսյանն ու Ժաննա Անդրեասյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաշվետվության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter