HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում:

«Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության զարգացող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։

International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։  Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է տեսել տարեկան մեկ համարով, իսկ 2021 թվականից սկսած՝ երկու համարով։ Ամսագիրը բաց հասանելիության է:

Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը միջազգային է. անդամների մոտ 80 տոկոսը արտասահմանյան գիտական հաստատությունների գիտնականներ են։ Ներկայացվող բոլոր հոդվածներն անցնում են կրկնակի կույր գրախոսություն՝ ապահովելով գիտականության բարձր մակարդակ։

2022 թվականից ամսագիրն ունի առանձին կայքէջ, որը կառուցված է Open Journal Systems (OJS) հարթակի վրա։ Կայքը համապատասխանում է գիտական ամսագրերի միջազգային պահանջներին՝ հնարավորություն տալով հոդվածների ներկայացման, գրախոսման և խմբագրման ամբողջ գործընթացն առցանց կազմակերպելու։

Կայքէջում մանրամասնորեն ներկայացված են հոդվածների պահանջները, գրախոսման և տպագրման ընթացքը, տեղեկություն կա խմբագրական խորհրդի մասին, որում ներառված են միջազգային բարձր հեղինակություն ունեցող գիտնականներ:

Ամսագիրը գրանցված է DOAJ, Crossref և Ebsco համակարգերում:

Ամսագրում հրատարակվող նյութերի կեսից ավելին ներկայացված են արտասահմանցի գիտնականների կողմից։ Տարեկան միջինում լույս են տեսնում 12–13 գիտական հոդված և գրախոսություն։

Ինչպես հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը, ամսագիրը վայելում է զգալի հեղինակություն գիտական համայնքում, ինչի մասին վկայում են նաև նաև միջազգային հղումների աճը։ 

Անդրադառնալով ինդեքսավորման գործընթացին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը նշում, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո՝ 2024 թվականի նոյեմբերին, ամսագրի խմբագրությունը պաշտոնապես դիմել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկվելու համար։ Մոտ վեց ամիս անց ստացվել է դրական պատասխանը «Հատկանշական է, որ Scopus-ի կողմից ինդեքսավորման վերաբերյալ դրական եզրակացության մեջ կցված գրախոսություններում հատուկ ընդգծված էր ամսագրի հոդվածների գիտական բարձր արժեքը, ինչը մեզ համար հատկապես ուրախալի և կարևոր գնահատական է»,- նշել Էդիտա Գզոյանը։

Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական, որից 3-ը՝ Armenian Journal of Mathematics (սկսած 2008թ-ից), New Armenian Medical Journal (սկսած 2009թ-ից), Bulletin of Stomatology and Maxillofacial Surgery (2019-2020, 2022-2025թթ) վերաբերում են բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտներին, իսկ 4-րդը՝ ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրն է, որը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում 2025 թվականի մարտին և վերաբերում է հումանիտար և հասարակագիտական ոլորտին։

Հաշվի առնելով հայաստանյան գիտական արդյունքի միջազգայնացման առաջնահերթությունը, այդ թվում՝ հայագիտության ոլորտում, ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է հայաստանյան ամսագրերի ընդգրկումը միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում, որի համատեքստում ներկայում մշակվում են հայաստանյան ամսագրերի մրցունակության բարձրացման և Scopus/WebOfScience շտեմարաններում ինդեքսավորման աջակցությանն ուղղված ծրագրի կարգն ու պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter