
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում
ԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների:
Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված բյուջեով հատկացվել էր 2,9 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 2,7 մլրդ դրամ: «Պայմանավորված տարբեր պատճառներով՝ ունենք խնայողություններ»,- նշել է Գեւորգ Պապոյանը:
«Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համար նախատեսվել էր հատկացնել 1 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 779 մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 705 մլն դրամ: «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման արդիականացում» ծրագրի ճշտված բյուջեն կազմել է 750 մլն դրամ, փաստացի ծախսվել է 676 մլն դրամը: «Զբոսաշրջության զարգացում» ծրագրի իրականացման համար նախատեսվել էր հատկացնել 13,2 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 7,5 մլրդ դրամ:
Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերի կատարողականներն ու իրականացված միջոցառումները, որոշ ծրագրերի թերակատարումներն ու գերակատարումները:
Գեւորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են մակրոտնտեսական քաղաքականությանը, ոլորտում իրականացված միջոցառումներին, դրանց վերջնարդյունքներին, ներդրումների արտահոսքին, ավիափոխադրողների սուբսիդավորմանը, արտարժույթների փոխարժեքին, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման մասին ծրագրին, բժշկական զբոսաշրջությանը եւ այլն:
«2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5,95 տոկոս աճ: Նշեմ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8500 դոլար, այնինչ 2023 թվականի արդյունքներով՝ 8100 դոլարից մի փոքր ավելի էր»,- ասել է նախարարը:
Գեւորգ Պապոյանը ներկայացրել է նաեւ ոլորտային վիճակագրություն՝ ըստ ճյուղերի: Ըստ այդմ՝ արդյունաբերությունն աճել է 3,1 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսով, ծառայությունները՝ 5 տոկոսով, առեւտուրը՝ 16,8 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 13,5 տոկոսով:
Նախարարի խոսքով ՀՆԱ կառուցվածքում այս թվերը կարեւոր ցուցանիշի մասին են խոսում, հատկապես եթե 2018 թվականը համեմատվի 2024 թվականի հետ:
«2018 թվականին արդյունաբերությունը 18,2 տոկոս էր, 2024 թվականին՝ 16,2 տոկոս:
2018 թվականին գյուղատնտեսությունը 13,9 տոկոս էր, 2024 թվականին՝ 7,9 տոկոս: Այստեղ թվում է, թե կրճատում կա, սակայն իրականում տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, քան գյուղատնտեսությունը, եւ վերջինիս մասնաբաժինը փոքրացել է:
Այն տեսլականը, որն ունենք գյուղատնտեսության ապագայի հետ կապված, ինտենսիվ տոհմային տնտեսությունն է, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է ունենա, ոչ ավելին:
Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտը 2018 թվականին արձանագրված 6,6 տոկոսից 2024 թվականին դարձել է 7,1 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը՝ 39,2-ից 45,2 տոկոս»,- ասել է նախարարը:
Նիստի սկզբում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս: Գերատեսչությանը հատկացվել էր 72 մլրդ 400 մլն դրամ: Փաստացի իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում: 1 մլրդ 687 մլն դրամի գնումներ, որոնցից մեկ աղբյուրից գնումը կազմել է 152 մլն դրամ:
Մեկնաբանել