
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ շեշտադրելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ հունիսի 5-7-ը Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանն ու գործընկերության նոր մակարդակի բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ մասնավորապես ընդգծելով համատեղ կինոնախագծերի իրականացումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կինեմատոգրաֆիայի և նոր մեդիայի ոլորտներում։ Նախարարը նշել է, որ նման նախագծերը կարող են նպաստել երկու ժողովուրդների մշակույթի միջազգային առաջխաղացմանը և ազգային ավանդույթների տարածմանը ժամանակակից ձևաչափերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեության և զարգացման հարցերը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին թատրոնի գործունեությանն աջակցելու համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս շարունակում է աջակցել թատրոնին՝ ներկայացումների կազմակերպման և այլ նախաձեռնությունների իրագործման հարցում։ Այս համատեքստում քննարկվել է 2025 թ. թատրոնի վերաբացման շրջանակում համատեղ միջոցառման կազմակերպման հարցը։
Նախարարն առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Թբիլիսիի թատրոնների միջև համագործակցության հնարավորությունները՝ համատեղ բեմադրությունների, փոխայցելությունների և բեմարվեստի ոլորտում փոխանակման ծրագրերի միջոցով։ Նա ընդգծել է, որ դասական և ժամանակակից պիեսների փոխադարձ ներկայացումը կարող է էապես նպաստել ազգային գրականության արժեքների նորովի ընկալմանն ու տարածմանը երկու ժողովուրդների հանդիսատեսի շրջանում։ Թատերարվեստի ոլորտում համագործակցության շրջանակում արձանագրվել է, որ կայուն գործընկերություն է ձևավորվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Վրաստանի անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի գլխավորած Ռուսթավելիի անվան թատրոնի միջև. իրականացվում են համատեղ բեմադրություններ, հյուրախաղեր։ Նշվել է նաև համագործակցությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Վրաստանի օպերային թատրոնի միջև, այդ թվում՝ բեմադրիչ Նինո Անանիաշվիլիի մասնակցությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքներին։ Կողմերը քննարկել են բանաստեղծի 140-ամյակի շրջանակում թանգարանի վերաբացման հանդիսավոր արարողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես շեշտելով Երևանի պետական համալսարանում 2024 թ. հիմնված վրացագիտության կենտրոնի գործունեությունը, որը կարևոր քայլ է Հայաստանում վրացերենի ուսումնասիրության և տարածման գործում։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Նախարար Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թ. հուլիսին Ապարանում՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում, նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Վրաստանի երիտասարդական ամենամյա եռօրյա համաժողովը։ Նախարարի դիտարկմամբ՝ այն կծառայի որպես հարթակ երիտասարդ արվեստագետների միջև համագործակցությունը խթանելու, երկխոսությունը զարգացնելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպման համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը մշակույթի ոլորտում։ Թինաթին Ռուխաձեն կարևորել է մշակութային պատվիրակությունների կանոնավոր փոխանակումների իրականացման անհրաժեշտությունը ստեղծագործական խմբերի, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և ճարտարապետների միջև: Ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի թանգարանների միջև ուղիղ համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մեկնաբանել