
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պտղնի համայնքի նախկին ղեկավարին ու որդուն
«Հետքի» տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր՝ հունիսի 5-ին, ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, նրա որդին ու մի շարք այլ անձինք:
Համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների կատարման, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության ու փողերի լվացման մեջ:
Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին: Նա նշեց, որ ավելի ուշ պարզաբանում կտան:
«Հետքը» գրել է, թե ինչպես է Պտղնի համայնքում մոտ 1 հա հողատարածքն օտարվել 150 հազ. դրամով: Հետագայում այդ հողատարածքը բաժանվել է առանձին մասերի ու վաճառվել թանկ գնով, ընդհուպ՝ փոխանակվել 600 մլն դրամ արժողության բնակարանի հետ:
Հողամասերի աճուրդ-վաճառքը սննկացման եզրին է կանգնեցրել «Գնդասար» ՓՀԷԿ-ին: Ընկերությունն այդ տարածքում սերվիտուտով համայնքային հողատարածք է օգտագործել՝ ՓՀԷԿ-ը շահագործելու նպատակով: ՍՊԸ-ին հանձնված հողամասում և դրա հարակից տարածքներում սկսվել են հողային աշխատանքներ, որոնք վնասել են ՓՀԷԿ-ի խողովակաշարը։ Այժմ ընկերությունը չի աշխատում, իսկ վնասները վերականգնված չեն:
Մեկնաբանել