HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

AMX-ը միջազգային ներդրողների համար ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի և արտարժույթի առևտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։ Այս մասին հաղորդում են AMX-ից։

«Այս փոփոխությունը կարևոր և ռազմավարական քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ այն բացում է ևս մեկ պատուհան օտարերկրյա ընկերությունների համար՝ խթանելով միջազգային կապիտալի ներհոսքը Հայաստան և բարձրացնելով մեր շուկայի տեսանելիությունն ու հասանելիությունը համաշխարհային ներդրումային համայնքի համար։ Հեռավար մասնակցության միջոցով օտարերկրյա բրոքերները կարող են անմիջապես իրենց երկրից մասնակցել պետական պարտատոմսերի առևտրին և արտարժույթի շուկային՝ լրիվ նախնական դեպոնացմամբ։

Հեռավար մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն օտարերկրյա բրոքերները, որոնք բավարարում են Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոններով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, եթե տվյալ ներդրումային ընկերությունը գրանցված է այն պետությունում, որի արժեթղթերի շուկայի կարգավորումը և/կամ վերահսկողությունն իրականացնող մարմնի հետ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցում է՝ ըստ հուշագրի կամ նմանատիպ փաստաթղթի։ Եթե բրոքերը գործունեություն է իրականացնում իր գրանցման երկրից տարբերվող օտարերկրյա պետությունում, ապա համագործակցությունը պետք է առկա լինի նաև տվյալ երկրի կարգավորող մարմնի հետ։ Համագործակցությունը համարվում է առկա նաև, եթե երկրի արժեթղթերի շուկայի կարգավորող մարմինը միացած է IOSCO-ի բազմակողմ փոխըմբռնման հուշագրին։ Կանոնին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոնում։ 

Հեռավար մասնակցության մոդելը առաջին անգամ կիրառվեց մայիսի 30-ին գործարկված Tabadul hub-ին միանալու շրջանակում։ Առաջին անգամ, Հայաստանի ֆոնդային բորսան՝ Հեռավար մասնակցության մոդելի և Tabadul հարթակի ներդրմամբ, օտարերկրյա բրոքերային ընկերություններին և ներդրողներին հասանելի դարձրեց AMXTrader առևտրային համակարգի պետական պարտատոմսերը և արտարժույթի շուկայի հարթակը։ 

Tabadul հարթակի ներդրման շրջանակում Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը՝ տեղակայված Աբու Դաբիում, դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին հեռավար անդամը և ստացավ հեռավար մասնակցի կարգավիճակ՝ միանալով Հայաստանի պետական պարտատոմսերի շուկային և արտարժույթի շուկայի հարթակին՝ առանց Հայաստանում ընկերության գրանցման։ 

«Մենք ստեղծել ենք հեշտացված և համաշխարհային ստանդարտներին համապատասխան մուտք Հայաստանի արժեթղթերի շուկա։ Այս նախաձեռնությունը բեկումնային է կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման և ներդրումային հոսքերի խթանման տեսանկյունից։ Հեռավար մասնակցության մոդելը հնարավորություն է տալիս միջազգային բրոքերներին պարզ, թափանցիկ և արդյունավետ մուտք գործել մեր շուկա՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչությունը», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը հավելել է«Այս փոփոխության շրջանակում, հայաստանյան կարգավորված շուկային հեղինակավոր օտարերկրյա բրոքերների մասնակցությունը, կբերի նոր մշակույթ և նոր գործարար ստանդարտ ՀՀ կապիտալի շուկայի էկոհամակարգի համար»:

Ներդրված նոր հնարավորությունը զգալիորեն վերափոխում է ներդրումային միջավայրը՝ հատկապես բրոքերների համար։ Այն հնարավորություն է տալիս օտարերկրյա բրոքերներին ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայում՝ խուսափելով ավելորդ գործառնական ծախսերից և իրավաբանական գրանցման բարդություններից։

AMX-ը վստահ է, որ Հեռավար մասնակցության մոդելը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի կապիտալի շուկայի դիրքը տարածաշրջանում, այլև կբարձրացնի երկրի ներդրումային վարկանիշը ու գրավչությունը միջազգային ֆինանսական հարթակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter