
Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները
Լենինգրադյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու: Ավելին, խոստացված բոլոր ժամկետներն անցել են, սակայն կառուցապատողն այդպես էլ շենքը շահագործման չի հանձնում:
Նախ՝ «Շինաս» ՍՊԸ խոստացել էր 400 բնակարան ունեցող բնակելի համալիրը շահառուներին հանձնել 2023թ. դեկտեմբերին: Այդպես է գրված նաև համալիրի պաշտոնական կայքում, սակայն առ այսօր շահառուները չեն կարողանում տոնել իրենց բնակարանամուտը:
Համալիրի կայքի համաձայն՝ այն ունենալու է բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լանդշաֆտային այգիներ, ճեմուղիներ և վազքուղիներ, շատրվաններ և այլ հարմարություններ:
Նախագծային խոստումնալից տեսանյութը
Երկրորդ՝ պրեմիում որակվող այս համալիրում, որտեղ 1 քմ-ի արժեքը սկսվում է 576 հազար դրամից, համաձայն նախնական բուկլետների և տեսանյութերի, նախատեսվում էին շատրվաններ, բարեկարգ ու կանաչապատ բակ, խաղահրապարակ, մարզադաշտ, ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց, սակայն մինչ օրս այս խոստումներից որևէ մեկն իրականություն չի դարձել:
Կառուցապատողն արդեն իսկ տեղեկացրել է բնակիչներին, որ շատրվանները չեն կառուցվելու: Մոնթե Մելքոնյան փողոցի հետ հատվող ճանապարհի ապագան մշուշոտ է: Բակի ոռոգման համակարգն անցկացված չէ, կանաչապատումն արված չէ։ Պրեմիում համարվող շենքում, բնակիչների բնորոշմամբ, սովորական հանրակացարանի որակ է ապահովվել:
Արթուր Սաֆարյանը 2021թ. դեկտեմբերի 10-ին Բ մասնաշենքի 5-րդ հարկում բնակարան գնելու պայմանագիր է կնքել: Փաստաթղթում արձանագրվել է, որ համաձայն 2021թ. հուլիսի 8-ին տրված շինթույլտվության` շենքի շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 36 ամսվա ընթացքում, այսինքն` 3 տարում: Ըստ այդմ` պետք է ավարտվեին 2024թ. հուլիսին:
«Շինաս» ՍՊԸ-ի և Սերգո Սեդրակյանի հետ կնքված պայմանագրում արդեն նշվում է, որ 2022թ. հունիսի 13-ի շինթույլտվության համաձայն` շենքի շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված 2024թ.-ի նոյեմբերի 13-ը:
Սերգո Սեդրակյանի պայմանագրում նշվում է, որ կառուցապատողը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունները ժամանակին չկատարելու համար և նշված ժամկետը 6 ամսից ավելի խախտելու դեպքում գնորդին պարտավորվում է վճարել տույժ` կետանցի 6-րդ ամիսը լրանալուց հետո յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0,01 տոկոսի չափով:
Շահառուները, որոնց պայմանագրերի ժամկետները վաղուց լրացել են, կարող են դիմել դատարան և պահանջել այդ տոկոսները, սակայն նրանք դեռ սպասում են կառուցապատողի խոստումների կատարմանը:
Երևանի քաղաքապետարան կատարած հարցմամբ բնակիչները պարզել են, որ կառուցապատողը չի դիմել նույնիսկ ավարտական ակտը ստանալու համար: Մինչդեռ դեռևս 2024թ. սեպտեմբերին, բնակիչների հետ հանդիպմանը, Տիգրան Նազարյանը խոստացել էր 1-2 ամսում շենքը կարգի բերել և ստանալ ավարտական ակտը:
Ով է կառուցապատողը
Տիգրան Մեծ համալիրի կառուցապատողը 2020թ. հիմնադրված «Շինաս» ՍՊԸ-ն է, որի միանձնյա սեփականատերը Տիգրան Ռոբերտի Նազարյանն է (վերևի տեսանյութում):
Վերջինս, բացի այս բիզնեսից, բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Օրինակ` Տիգրան Նազարյանը հայտնի է 2015թ. հիմնադրված «Շինպլյուս» ՍՊԸ-ի գործունեությամբ, որը զբաղվում է ասֆալտբետոնի արտադրությամբ և վաճառքով։ Այստեղ նրա գործընկերը Մարիամ Համբարձումյանն է (փաստացի վերջինիս ամուսինը` աշտարակցի Անդոն, 33% մասնակցությամբ): Ընկերությունը կատարում է ճանապարհների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ։ Մինչեւ 2024 թվականը «Շինպլյուս»-ն ակտիվորեն մասնակցել է ճանապարհաշինության ոլորտի պետգնումների մրցույթներին: Սակայն 30.10.2024 թ.-ին ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: 2025 թվականի հունվարի դրությամբ այդ կարգավիճակը պահպանված էր:
Դեռևս 2017-ին՝ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ժամանակ, Տիգրան Նազարյանը հարձակվել էր Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա, որն ահազանգի հետքերով ժամանել էր Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի մոտ, որտեղ հորդառատ անձրևի ժամանակ ասֆալտապատման աշխատանքներ էր իրականացրել «Շինպլյուս» ՍՊԸ-ն:
Տիգրան Նազարյանին է պատկանում Հյուսիսային պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես Հոթել» հյուրանոցային համալիրը, որը շահագործում է 2021-ին հիմնադրված «ՏՄ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ-ն:
2021թվականից Տիգրան Նազարյանը ներգրավվել է բնակարանաշինության բիզնեսում: Տիգրան Մեծ համալիրից բացի, նա Ծիծեռնակաբերդի խճուղու 11/1 հասցեում նախաձեռնել է մեկ այլ բարձրահարկ համալիրի շինարարություն` «ՏՄ Թաուեռ» ՍՊԸ-ի միջոցով:
Ավան վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում Տիգրան Նազարյանի «Ռուբինյանց 5» ՍՊԸ-ն սկսել է «Boosab Residence» համալիրի շինարարությունը։ Այս բիզնես նախագծում նրա գործընկերը Արամ Մնացականյանն է:
Տիգրան Նազարյանը նաև գազալցակայաններ ունի: Նրան է պատկանում 2021թ. –ին հիմնադրված «ՏԱ Գազ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Արագածոտնի մարզի Փարպի համայնքի վարչական տարածքում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին գործող գազալցակայանը: Նույն մայրուղու Աշտարակի հատվածում եւս մեկ գազալցակայան ունի, որի շահագործողը «Շահումյան Ալկո» ՍՊԸ-ն է:
Տիգրան Նազարյանը 2024-ին հիմնադրել է «Հրապարակ պլազա» ՍՊԸ-ն, որտեղ գործընկերը Շուշանիկ Հովհաննեսի Համբարձումյանն է: Առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու այս ընկերությունը:
Նազարյանին է պատկանում նաև «ՏՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավորապես դադարեցված է և «Էնտիռո» ՍՊԸ-ն, որը լուծարված է:
Տիգրան Նազարյանը շինարարություն իրականացնում է նաև «Նազարյանշին» ՍՊԸ-ով: Այստեղ տնօրենը Դավիթ Գագիկի Հակոբյանն է: Վերջինս Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանի եղբայրն է:
Դավիթ Հակոբյանը ներկա էր բնակիչների հետ հանդիպմանը, որոնք 2025թ. հունիսի 1-ին հավաքվել էին Տիգրան Մեծ համալիրի բակում` վերջնականապես ճշտելու, թե երբ են հանձնվելու իրենց բնակարանները։ Շահառուները կառուցապատողից պահանջում էին հստակ վերջնաժամկետ նշել, թե երբ կբարեկարգվի համալիրի շրջակայքը:
Դավիթ Հակոբյանը խոստացավ, որ սեպտեմբերի 1-ին, բացի կանաչապատումից, մնացած ամեն ինչ պատրաստ կլինի, իսկ կանաչապատումը, ըստ Հակոբյանի, այս սեզոնին չի արվել, քանի որ ծառերն արմատ չէին գցի: Հավաքված բնակիչները հիշեցին, որ նման պատճառաբանություն Տիգրան Նազարյանն անցյալ տարվա ձմռանն էլ էր բերել և խոստացել էր գարնանը կազմակերպել ծառատունկն ու կանաչապատումը: Դավիթ Հակոբյանի խոստումից քիչ անց պարզվեց, որ կանաչապատումը խնամքի կարիք ունի, և միայն համատիրության կազմումից հետո դա իրագործելի կլինի, որպեսզի համատիրությունը խնամքը կազմակերպի:
Բնակիչները հիշեցրին, որ պատճառը, թերևս, ոչ թե համատիրությունն է, այլ ոռոգման համակարգի բացակայությունը, ինչն անհնար է դարձնում կանաչ տարածքը խնամելը: Դավիթ Հակոբյանի խոսքից նաև պարզվեց, որ ոռոգման համակարգը հարևանությամբ կառուցվող նոր համալիրից է կախված, դրա հետ միասին պետք է կազմակերպեն, ուստի սպասում են դրա ավարտին:
Ինչ վերաբերում է ավարտական ակտին, ապա, ըստ Տիգրան Նազարյանի հաշվապահի, որը նաև այդ համալիրում բնակարան ձեռք բերողներից է, փաստաթղթերն արդեն մուտք են արվել Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, և համապատասխան ատյանների հավանությունից հետո մուտք կարվեն նաև Երևանի քաղաքապետարան:
Տիգրան Նազարյանը չպատասխանեց մեր զանգերին։ Չարձագանքեց նաև մեկնաբանություն ստանալու մեր sms հաղորդագրությանը:
Բնակիչներն այլևս չեն հավատում կառուցապատողի խոստումներին և որոշել են իրավական գործընթաց սկսել: Իրավաբաններն արդեն ուսումնասիրում են նրանց փաստաթղթերն ու պայմանագրերը:
Գլխավոր լուսանկարի ձևավորումը` Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել