HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր-Երևան երթուղին ժամանակավոր սպասարկում է Նորագյուղցի Բոգոյի ընկերությունը՝ հնամաշ ու անսարք գազելներով

Արմավիրի մարզում միասնական երթուղային ցանցն իրականություն չի դառնում: Արդեն 4 տարի է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն Վարչական դատարանում վիճարկում է Արմավիրի տարածքը սպասարկելու համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մինչ այդ, Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկողների համար ժամանակավոր լուծում են գտել. օգտվել հնամաշ գազելների կամ 7 տեղանոց ավտոմեքենաների ծառայություններից ու սպասել դատական վեճի ավարտին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընդամենը 19 մեքենա է շահագործվում, որից 16-ը՝ հիմնական, 3-ը՝ պահուստային: Երթուղու երկարությունը 43 կմ է, երթի տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե:

Արմավիր քաղաքի բնակիչ Նարեկ Ղևոնդյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է Արմավիրի տրանսպորտի վիճակի մասին: Գրություններով դիմել է պատկան մարմիններին, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: «Հետքի» հետ զրույցում Նարեկն ասաց, որ այժմ Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղին շատ քիչ ավտոմեքենաներ են սպասարկում:

Այդ ավտոմեքենաների մի մասը «Գազել» է ու հին: Անսարքության պատճառով ճանապարհներին հաճախ են կանգնում: Մարդիկ ստիպված են լինում շոգ մեքենայի մեջ սպասել, մինչև վարորդներն անսարքությունները վերացնեն: Նարեկ Ղևոնդյանն ասում է, որ  ուղևորատոմսը 500 դրամ է, ինչը թանկ է սպասարկման դիմաց։

Իրավիճակը փրկում են 7 տեղանոց մասնավոր ավտոմեքենաները, որոնք, օգտագործվելով որպես տաքսի, լրացնում են բացը: Սակայն, այստեղ էլ օգտվողները լուրջ խնդիր են տեսնում: Վարորդների նկատմամբ պատշաճ հսկողություն չկա, թեև ուղևորափոխադրում են իրականացնում: Որպեսզի ուսանողները կամ աշխատանքի գնացողները չուշանան, ստիպված օգտվում են այդ ավտոմեքենաներից:

Արմավիրի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի մրցույթը կայացել է 2021թ. նոյեմբերի 19-ին, որի արդյունքում Վաղարշապատի տարածարջանը սպասարկվում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի կողմից: Իսկ Արմավիրի տարածաշրջանը սպասարկելու համար մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպությունները, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, չեն բավարարել պահանջներին, և մրցույթում հաղթող չի ճանաչվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մրցույթի արդյունքները ներկայում վիճարկվում են դատական կարգով: Գործընթացի ավարտից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ մարզում միասնական երթուղային ցանցի ներդրմանը:

Մինչ այդ, նախարարությունը 2024թ. նոյեմբերին հայտարարություն էր հրապարակել՝ «Արմավիր-Երևան» թիվ 207 միջմարզային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր տրամադրելու մասին: Գնահատմանը մասնակցելու նպատակով ներկայացվել է մեկ դիմում՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ի կողմից:

2024թ. նոյեմբերի 26-ին կայացած գնահատման արդյունքում ընկերությանը տրամադրվել է նշված երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունք:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն այժմ Վարչական դատարանում վիճարկում է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանը՝ երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունքը «Երկու ընկեր» ՍՊԸ-ին տալու մասին:

Վարչական դատարանը 2025թ. հունվարին բավարարել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի միջնորդությունը և մինչև ապագայում կայացվելիք վճռի օրինական ուժի մեջ մտնելը, կասեցրել է նախարարի հրամանը: Սակայն, Վերաքննիչ վարչական  դատարանը հօգուտ նախարարության է որոշում կայացրել՝ վերացնելով կասեցնելու մասին դատարանի որոշումը:

«Հետքը» դեռևս 2021թ. է գրել, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն Ռուբեն Կոստանյանին (Նորագյուղցի Բոգո)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։

Այդ ժամանակ մրցույթին դիմել են «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն և «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։ Տեսնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։

Հարկ է նշել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ. հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Գևորգյանն ու Անտոնյանը դուրս են եկել ընկերությունից: Այժմ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միակ սեփականատերը Ռուբեն Կոստանյանի որդին է՝ Հովհաննես Սիմոնյանը (Ռ. Կոստանյանի ազգանունը նախկինում եղել է Սիմոնյան):

Ուշագրավ է, որ 2024թ. նոյեմբերին «Արմավիր-Երևան» թիվ 207 միջմարզային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստացած «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ևս պատահական չի հայտնվել: Ընկերության 50% սեփականատերը Ռուբեն Կոստանյանն է, իսկ մյուս 50%-ը պատկանում է նրա մտերիմ Արման Սարգսյանին:

Թե երբ կհանգուցալուծվի Արմավիր-Երևան երթուղու թնջուկը՝ դժվար է ասել: Դատական գործի վերջը չի երևում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter