
Կասեցվել է 205 գլուխ ցլիկի ներկրումը Հայաստան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչները Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերել և կասեցրել են անհայտ ծագման կենդանի կենդանիների մուտքը Հայաստան: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել:
Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է»,- նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել