
Հայաստանի ընտրանին սկսում է նախապատրաստվել Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հետ առաջիկա խաղերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ այսօր մեր ազգային հավաքականն սկսում է նախապատրաստվել հունիսի 6-ին եւ 9-ին Կոսովոյի ու Մոնտենեգրոյի ընտրանիների հետ կայանալիք ընկերական խաղերին:
Ջոն վան՛տ Սխիպի գլավորած թիմը մարզական հավաքը մեկնարկում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հավաքին մասնակցում են հետեւյալ 27 ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սեւիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ» (Տուլա, Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան - ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան - ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ
ՀՖՖ-ն մայիսի 27-ին հայտնել էր, որ մարզչական շտաբը նախատեսում էր հրավիրել եւս մի քանի ֆուտբոլիստների, որոնք, սակայն, տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։ Մասնավորապես՝ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը եւս պատրաստվում է վիրահատության ու այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը եւ Ուգոչուկվու Իվուն։
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին մեր ընտրանին կմեկնի Պրիշտինա, որի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում ամսի 6-ին կմրցի Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հունիսի 7-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայից կմեկնի Պոդգորիցա: Մոնտենեգրոյի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Վիճակագրությունը Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի դեմ
Հունիսի 6-ին կայանալիք խաղը կլինի 3-րդ ընկերական հանդիպումը Կոսովոյի հետ: Պաշտոնական խաղեր թիմերը չեն անցկացրել:
Առաջին անգամ մեր ընտրանին բալկանյան այս հավաքականին հանդիպել է 2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում: Չնայած Հայաստանի հավաքականը երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ, այդուհանդերձ, խաղն ավարտվեց 2-2: Մեր թիմից գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Երկրորդ ընկերական մրցավեճը կայացել է 2024-ի մարտի 22-ին Երեւանում եւ ավարտվել հյուրերի 1-0 հաշվով հաղթանակով:
Ինչ վերաբերում է Մոնտենեգրոյին, ապա այս թիմի հետ եւս մրցել ենք 3 անգամ, երկու անգամ՝ պաշտոնական, մեկ անգամ՝ ընկերական խաղերում։
Պաշտոնական հանդիպումները կայացել են աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում մերոնք առաջին խաղակեսից հետո զիջում էին 0-2 հաշվով․ հյուրերի կազմում աչքի էին ընկել Դամիր Կոյաշեւիչն ու Ստեւան Յովետիչը։ Սակայն երկրորդ կեսում Արթուր Պետրոսյանի սաները կամային որակներ ցուցադրեցին։ Նախ հաշիվը կրճատեց Արտակ Գրիգորյանը, ապա աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը, իսկ խաղին ավելացված 3-րդ րոպեին հեռահար հարվածով թիմին հաղթանակ բերեց Գեւորգ Ղազարյանը՝ 3-2։ Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Տանտերերին հենց խաղի սկզբում առաջ մղեց Ֆատոշ Բեչիրայը, ապա իրար հետեւից 3 գոլ խփեց ու հեթ-տրիկ ձեւակերպեց Մոնտենեգրոյի ավագ եւ առաջատար Յովետիչը։ Խաղավարտին մերոնցից Ռուսլան Կորյանը կարողացավ թրջել խաղի հաշիվը, ավելին անել չհաջողվեց. 4-1՝ հօգուտ տանտերերի։
Մինչ այս միակ ընկերական հանդիպումը երկու թիմերի միջեւ կայացել է 2022-ի մարտի 24-ին Երեւանում: Վահան Բիչախչյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին:
Այսպիսով՝ Հայաստան-Մոնտենեգրո ֆուտբոլային դիմակայությունում մերոնք տարել են 2 հաղթանակ, 1 անգամ էլ պարտվել են: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-5 է՝ հօգուտ բալկանյան թիմի:
Ներկա պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 102-րդն է, Կոսովոն՝ 97-րդը, իսկ Մոնտենեգրոն՝ 73-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել