HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի հիմնական արձակուրդի ժամկետները

Կառավարության հավանությանն է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Հայկ Սարգսյանը, օրինագծով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ։

«Ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորումը՝ առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին և դրա քննարկումը Ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի»,-ասել է փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծով առաջարկվող փոփոխությունները և ընդգծել, որ նախագծով երդման արարողության հետ կապված՝ 2 օրով է սահմանվելու արձակուրդի իրավունք: «Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, որոնք կարողանում են հասնել այդ խնդրի լուծմանը, օգտվեն, մյուսները չօգտվեն: Այսինքն՝ բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ: Արձակուրդի չափերը կախված են ծառայության բնույթից»,- ասել է վարչապետը:

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել. «Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում: Առաջարկով՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նոր մեխանիզմի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած ու սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում․ «Կապ չունի՝ բնակարանը Երևանում ձեռք կբերվի, թե մարզերում, մենք բոլորին նույն սահմանաչափն ենք տալիս։ Այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը նախատեսել ենք 80 քառակուսի մետր մակերեսի համար՝ շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter