HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կացնով շտապօգնության բժշկի վրա հարձակված քաղաքացին ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել

Պարզվել է, որ ժամը 20։57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։

Ժամը 22։55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են:

Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter