
Կասեցվել է Լճաշենի «Արա-Արեգ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում գործող «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Ստորեւ՝ ՍԱՏՄ հաղորդագրությունը։
Այսպես՝
- արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը,
- պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, այլ պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ, կոռոզիայի ենթարկված վիճակում՝ չբացառելով սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել ժամկետ:
Մեկնաբանել