HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայտնի են սնանկացած «Ֆլայ Արնայի» պարտատերերը. ամենամեծ պահանջն ունեն Air Arabia-ի դուստր ընկերությունները

Մայիսի 12-ին Սնանկության դատարանը հաստատել է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) պարտատերերի վերջնական ցուցակը:

Հիշեցնենք, որ ավիափոխադրողը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվարի 27-ին իռլանդական Impact Aviation Services Limited-ի դիմումի հիման վրա: Վերջինս «Ֆլայ Արնային» վարձակալությամբ օդանավեր հանձնած ընկերությունն է: Միաժամանակ այն ամբողջությամբ պատկանում է արաբական Air Arabia-ին, այսինքն՝ դրա դուստր ընկերությունն է:

Հարցն այն է, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսն էլ պատկանում է Air Arabia-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ արաբական International Business Company (FZE)-ին, եւս 49 տոկոս պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), իսկ մնացած 2 տոկոսի տերը լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանն է: Մյուս կողմից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել «Ֆլայ Արնային», որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:

Գրել էինք, որ հունվարի 27-ին կայացված սնանկության վճռից առաջ եւ հետո «Ֆլայ Արնայից» որեւէ արձագանք այդպես էլ չի եղել, այդ թվում՝ ընկերությունը չի բողոքարկել իր սնանկությունը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընկերությունը 2024-ի գարնանից չուներ կառավարիչ. մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ էին ստացել այն մասին, որ մայիսին պայմանագրերը լուծվելու են, իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը, որը Air Arabia-ի ներկայացուցիչն էր, ապրիլի վերջին հեռացել էր Հայաստանից, այլ կերպ ասած՝ արաբական կողմը հրաժարվել էր ավիափոխադրողի կառավարումից, եւ հայկական ու արաբական բաժնետերերն այդպես էլ համաձայնության չեկան նոր տնօրեն նշանակելու հարցում:

Այսպիսով՝ 2025 թ. փետրվարի 10-ից պարտատերերն սկսել են ներկայացնել իրենց պահանջները: Մարտի 14-ին սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանը դատարան է ներկայացրել պահանջների նախնական ցուցակը, որը հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

Վերջնական ցուցակը դատարանը հաստատել է մայիսի 12-ին: Դրանում տեղ է գտել 42 պահանջ, ընդ որում՝ բոլորը չապահովված պահանջներ են (ապահովված են համարվում այն պահանջները, որոնք ծանրաբեռնված են գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ)): Պարտատերերը գլխավորապես ֆիզիկական անձինք են՝ «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները, որոնց աշխատավարձերն այդպես էլ չվճարվեցին: Վերջիններիս պահանջների չափը տատանվում է 625 հազարից մինչեւ 11 մլն դրամի սահմաններում: Նախկին աշխատակիցների պահանջները, ինչպես սահմանված է «Սնանկության մասին» օրենքում, ընդգրկված են «գ» հերթում:

Պարտատերերի մեջ կան նաեւ մի քանի ընկերություններ՝ հայկական ու արտասահմանյան, այդ թվում՝ օդանավերի վարձատու Impact Aviation Services Limited-ը (ընդհանուր պահանջի չափը՝ շուրջ 780 հազ. դոլար), ինչպես նաեւ ավիացիոն ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող արաբական Information Systems Associates FZE-ն (628 հազ. դոլար), որոնք երկուսն էլ Air Arabia-ի դուստրերն են:

Սրանք ամենախոշոր պարտատերերն են, սակայն նրանց պահանջներն ընդգրկվել են ավելի ցածր՝ «է» հերթում: Նույնը վերաբերում է ռուսական FF Cargo Services ընկերությանը, որը եղել է ՌԴ-ում «Ֆլայ Արնայի» բեռների վաճառքի գործակալ եւ պահանջում է 130 հազ. դոլար: Այլ կերպ ասած՝ մինչեւ ամբողջությամբ չբավարարվեն «գ» հերթի պահանջները, այս ընկերություններին հերթ չի հասնի: Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք «Ֆլայ Արնան» այդքան գույք ունի, որի իրացումից գոյացած միջոցներով հնարավոր կլինի փակել թեկուզ նախկին աշխատակիցների պարտքերը:  

Ավիաընկերության հայկական պարտատերերի մեջ, որոնք նույնպես ներառված են «է» հերթում, 43 մլն դրամի պահանջ ունի ՊԵԿ-ը, 6,9 մլն դրամի պահանջ՝ Քաղավիացիայի կոմիտեին ենթակա ««Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն պահանջում է 759 հազ. դրամ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 206 հազ. դրամ:

Դատավոր Գարիկ Ավագյանը հունիսի 20-ին նշանակել է պարտատերերի առաջին ժողովը:

Ինչպես արդեն գրել ենք, ամեն ինչ գնում է դեպի «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի լուծարման վարույթ, այսինքն՝ ընկերությունը ոչ թե ֆինանսապես կառողջանա եւ կշարունակի գործունեությունը («Ֆլայ Արնայի» բաժնետերերը, վստահաբար, ցանկանում են ազատվել նրանից), այլ դրա գույքը (եթե այդպիսին հայտնաբերվի) կհանվի աճուրդի, կվաճառվի, իսկ վերջում կհայտարարվի գործի ավարտի ու «Ֆլայ Արնայի» լուծարված լինելու մասին:

Լուսանկարում՝ «Ֆլայ Արնայի» նախկին ինքնաթիռները՝ «Զվարթնոց» օդանավակայանում (ավիաընկերության ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter