
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ամազոն Վեբ Սերվիս ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ԲՏԱ լրատվական ծառայությունը։
Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը: Փոխնախագահ Ջեֆֆ Բարրը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակում համագործակցության արդյունքները և վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը։
Քննարկման հիմնական թեմաներից էր նաև AWS Outposts-ի ներդրումը Հայաստանում՝ տարածաշրջանային ամպային կայունության շարունակական ապահովման համար։ AWS ընկերության ներկայացուցիչները կարևորել են պետական և մասնավոր հատվածների կողմից մեծ պահանջարկը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ և ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առևտրի էկոհամակարգում։ Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ և ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը։
Մեկնաբանել